Մատչելիության հղումներ

Իսրայելա-պաղեստինյան նոր առճակատման վերջը չի երևում


Իսրաելի օդուժը հարված է հասցնում պաղեստինցի զինյալներին, Գազա, 18 մայիսի, 2021թ.

Իսրայելը շարունակում է ռմբահարել Գազայի հատվածն, իսկ այնտեղ դիրքավորված պաղեստինցի զինյալները շարունակում են հրթիռակոծել հրեական ավանները: Հրադադար հաստատելու միջազգային դիվանագիտության ջանքերը ձախողվում են:

Իսրայելի բանակի փոխանցմամբ, ավելի քան երկու շաբաթ տևող այս բախումների ընթացքում ՀԱՄԱՍ-ը («Իսլամական դիմադրության շարժում») և պաղեստինյան զինված այլ խմբերը Գազայից Իսրայելի ուղղությամբ են արձակել մոտ 3 հազար 350 հրթիռ:

Միայն երեկ պաղեստինցիները փորձել են 200 հրթիռներով հարվածել Իսրայելին: Դրանք արտադրվում են ընդհատակյա փոքրիկ արհեստանոցներում և, իհարկե, ճշգրիտ չեն: Իսրայելյան հակաօդային պաշտպանությունը ոչնչացնում է պաղեստինյան հրթիռների մեծ մասը, սակայն օրվա ընթացքում մի քանի հրթիռ ճեղքում է ՀՕՊ-ն ու հասնում է հրեական ավաններ:

Երեկվա տվյալներով կոնֆլիկտի բռնկումից ի վեր իսրայելյան օդուժի հարվածներից զոհվել է առնվազն 212 մարդ, այդ թվում` 61 երեխա և 36 կին: Իսրայելան հարվածներից սպանվել է 130 պազեստինցի զինյալ: Իսկ պաղեստինցիների ինքնաշեն հրթիռների պայթյուններից սպանվել է 10-ը հրեա, այդ թվում` 2 երեխա:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերստին պնդել է, որ բանակը կշարունակի հարվածներ հասցնել պաղեստինցի զինյալներին և ամեն բան կանի խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար:

«Ահաբեկիչներին ոչնչացնելու հրամանն ուժի մեջ է, մենք կարողացել ենք վերացնել մի բարձրաստիճան հրամանատարի, հարվածել ենք ՀԱՄԱՍ-ի ծովային ջոկատին, շարունակում ենք ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի այսպես ասած` «մետրոն»՝ նրանց այդ ստորգետնյա թունելները և ենթակառուցվածքը, մենք ամեն ինչ կանենք Իսրայելի բոլոր քաղաքացիներին խաղաղություն և անվտանգություն տալու համար»,- ասել է Նեթանյահուն»:

Միացյալ Նահանգները հայտնել է, որ այս պահին առաջնահերթությունը կրակի դադարեցումն է և երկխոսության վերականգնումը: Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարատև կարգավորման միակ հուսալի միջոցը երկու պետությունների խաղաղ համակեցությունն է (two state solution), որը հնարավոր կլինի ժամանակի ընթացքում, իսկ այսօր պետք է բանակցել, ընդ որում քննարկումների զգալի մասը դռնփակ ռեժիմ է պահանջում:

«Դիվանագիտությունում կա ժամանակ, երբ անհրաժեշտ է զրույցները ցածրաձայն վարել և չհրապարակել դրանց առանձին դրվագները, բայց ընդհանուր առմամբ նպատակը հստակ է՝ մեղմել իրավիճակը և դադարեցնել ընթացող կոնֆլիկտը»,- ասել է խոսնակը:

Իսրայելի հասցեին միշտ կոշտ քննադատություն հնչեցնող Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե զենք վաճառելով Իսրայելին, չդատապարտելով այդ երկրի գործողությունները Մերձավոր Արևելքում և չսատարելով պաղեստինցիներին՝ Ամերիկան հանցակից է դառնում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը զայրույթն ուղղել է ԱՄՆ-ի նախագահի վրա, ընդ որում շահարկել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը:

«Պարոն Բայդեն, դուք հայերի կողմն եք բռնում այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում, և հիմա, դժբախտաբար, Դուք Ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում այս փուլում, երբ Գազայի նկատմամբ ուժի անհամաչափ կիրառում է, որը տանում է հարյուր հազարավոր մարդկանց նահատակության»,- ասել է Էրդողանը:

ՄԱԿ-ը հավաստիացնում է, որ ակտիվ քայլեր է անում հրադադար ապահովելու ուղղությամբ:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, Գազայում 38 հազար պաղեստինցիներ տարհանվել են, 2 և կես հազար մարդ ընդհանրապես կորցրել են տները, 48 դպրոց, 2 մանկապարտեզ և քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ տասնյակ այլ շինություններ ավերվել են իսրայելյան օդուժի հարվածներից: Թիրախներից մեկը դարձել է բազմահարկ շենքը, որտեղ աշխատել են միջազգային լրատվամիջոցների թիմերը:

«Գլխավոր քարտուղարին խիստ մտահոգել է մամուլի շենքի ոչնչացումը, ակնհայտ է, որ Գազայում աշխատող լրագրողներին պետք է ընձեռել առանց հալածանքի ենթարկվելու վախի կամ գրասենյակի ոչնչացման սպառնալիքի աշխատելու հնարավորություն»,- ասել է Դյուժարիկը:

Վաղը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրամիության արտգործնախարարների արտակարգ նիստ, որի օրակարգում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումն է:

XS
SM
MD
LG