Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն այսօր հայ գերիների, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ բանաձև կքննարկի


Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ

Մի քանի ժամից Եվրախորհրդարանում կմեկնարկեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով բանաձևի նախագծի շուրջ քննարկումները, ինչից հետո էլ տեղի կունենա քվեարկություն։

Բանաձևի նախնական տեքստում, որի կրկնօրինակը հասանելի է դարձել նաև «Ազատության» Բրյուսելի թղթակցին, եվրոպացի խորհրդարանականները մանրակրկիտ ներկայացնում են Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին հաջորդած մտահոգիչ իրականությունը՝ հայ ռազմագերիների խնդրից մինչև Բաքվում բացված «ռազմական ավարի պուրակ», Ադրբեջանի նախագահի և ենթակաների ռազմատենչ հայտարարություններ, Բաքվից հնչող սպառնալիքներ։

Նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։ «2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանից զորքերը ժամանակավորապես մտան Հայաստանի տարածք, ինչը Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում է։ Դրան նախորդել էին Ադրբեջանի ներկայացուցիչների, այդ թվում` նախագահի մտահոգիչ հայտարարությունները տարածքային պահանջների և ուժի գործադրման սպառնալիքի մասին, ինչը խաթարում է տարածաշրջանում անվտանգության և կայունության ջանքերը», - պնդում են եվրոպացի պատգամավորները։

Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են միջազգային իրավապաշտպան կառույցների բազմաթիվ զեկույցներ, որոնք ահազանգում են Ալիևի վարչակազմի պատերազմական հանցագործությունների մասին՝ հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, խոշտանգումներ, սպանություններ։ Հիշեցնելով միջազգային կոնվենցիաներով, Լեռնային Ղարաբաղում հրադադարի հարցով եռակողմ պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո արած հայտարարությունների, իրավապաշտպան կառույցների, միջազգային կազմակերպությունների կոչերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին ամիսներին կայացրած միջանկյալ որոշումների մասին, Եվրամիության օրենսդիր մարմինը, ըստ նախագծի, Ադրբեջանի իշխանություններից պահանջելու է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց։

Բանաձևի նախագիծը, վկայակոչելով «մտահոգիչ հաղորդումները», փաստում է, որ շուրջ 200 հայեր գտնվում են ադրբեջանական գերության մեջ, և նրանցից շատերի ճակատագիրն անհայտ է, Բաքուն հստակ տեղեկություններ չի տրամադրել նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումից հետո։

Եվրախորհրդարանի հինգ խմբակցությունների՝ այդ թվում ամենամեծ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անունից կազմված բանաձևի նախագիծը Ադրբեջանի կառավարությանը հորդորում է ներկայացնել գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակները, տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի, առողջության մասին, թույլատրել փաստաբանների, բժիշկների և իրավապաշտպանների մուտքը հայազգի կալանավորների մոտ, ապահովել գերիների կապը հարազատների հետ։
Բանաձևը վկայակոչում է «հավաստի հաղորդումները, ըստ որոնց՝ հայ ռազմագերիներ և այլ գերիներ պահվում են նվաստացուցիչ պայմաններում, գերեվարվելիս կամ կալանավորման ընթացքում ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների»։

«Խստորեն դատապարտում ենք 2021 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանությունները դատարկ ինքնաթիռ են ուղարկել, որը ենթադրվում էր պետք է հայ կալանավորներին վերադարձներ։ Սա համարում ենք ծայրաստիճան անմարդկային քայլ, ավելին՝ այդ քայլը վկայում է հայ գերիների և նրանց ընտանիքների նկատմամբ Ադրբեջանի նվաստացուցիչ վերաբերմունքի մասին», - ասվում է փաստաթղթի նախագծում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG