Մատչելիության հղումներ

Այվազյան. «Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգությանը»


Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել ԼՂ հակամարտության լուծմանը, այսօր Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Այվազյանը, ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, մանրամասն ներկայացրել է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը:

«Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար», - նշել է նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը:

Արա Այվազյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ «հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա»:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, նիստի օրակարգում են եղել տարածաշրջանային և միջազգային իրադրության և անդամ երկրների անվտանգության վրա վերջինիս ազդեցությանը, միջազգային կազմակերպությունների հետ անդամ երկրների փոխգործակցությանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով մայիսի 14-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են մեկնարկել:։

XS
SM
MD
LG