Մատչելիության հղումներ

Երևանն ընդգծել է՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներից առաջ ադրբեջանցիները պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ին


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

«Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար», - ասել է Գրիգորյանը։

«Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն», - ընդգծել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

XS
SM
MD
LG