Մատչելիության հղումներ

Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ դաշինքում խորհրդատվություններ սկսելու նպատակով


ՀԱՊԿ նիստ, արխիվային լուսանկար

Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը։

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը աշխատանքային օրվա ավարտին «Ազատությանը» փոխանցեց, որ կազմակերպության քարտուղարությունը հայկական կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել՝ հավելելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այսօր ևս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Երեկ` օրվա ավարտին հայտնի դարձավ, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ, ինչպես հայտնի է, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, թեև պարզ չէ՝ Փաշինյանի կառավարությունը ինչու է դիմել ՀԱՊԿ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի հիման վրա, որն ընդամենը նախատեսում է համատեղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ-երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանը աջակցություն ցուցաբերելու համար։ Այնինչ, գոյություն ունի նույն պայմանագրի չորրորդ հոդվածը, որը անհապաղ ռազմական օգնություն է նախատեսում ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ հարձակման դեպքում։

Հատկանշական է, որ երեկ կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին, այսօր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ Московкий комсомолец պարբերականի, հայտարարել է, թե Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել։

Գրիգորյան. Բաքվի ագրեսիայի ու Մոսկվայի անգործության պատճառը կարող է լինել Պուտին-Ալիև պայմանավորվածությունը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 14-ը մայիսի, 2021թ.
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 14-ը մայիսի, 2021թ.

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով` Սյունիքում տեղի ունեցողը, անշուշտ, ցույց տվեց, որ պատերազմից կես տարի անց էլ Հայաստանի անվտանգության համակարգը շարունակում է մնալ անմխիթար վիճակում, սակայն ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նման ագրեսիվ գործողությունները և արդեն օրեր շարունակվող Մոսկվայի փաստացի անգործությունը կարող են վկայել, որ Բաքուն ստացել է Կրեմլի հավանությունը. «Սրա մեջ տրամաբանություն կա, որ Ռուսաստանը, մենք տեսանք և պատերազմի ժամանակ բավական լավ էր տրամադրված Ադրբեջանի նկատմամբ, չաջակցեց մեզ, Շուշիի, Հադրութի պատմությունը ցույց էր տալիս, բայց ես չեմ բացառում, որ Ադրբեջանի այս վերջին սադրանքները կապված են ոչ միայն Ռուսաստանի գործոնի հետ, կապված են նրա հետ, որ ոգևորվեց Ադրբեջանը: Դա մարդկայնորեն էլ կարելի է հասկանալ: Իրենք հասկացան, որ մենք մեկուսացված ենք, իրենք հասկացան, որ մեր ընտրված անվտանգության համակարգը չի աշխատում»:

Ըստ Գրիգորյանի` ՀԱՊԿ-ի որոշ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի համար հարաբերությունները Ադրբեջանի հետ ավելի կարևոր են, քան Հայաստանի հետ ձևական դաշինքը։

«Այն, որ ՀԱՊԿ-ը չի աջակցի, բոլորը գիտեն, ուղղակի ես համարում եմ ճիշտ, որ դիմեց կառավարությունը ՀԱՊԿ-ին, որ մի անգամ էլ մեր ժողովուրդը, մեր քաղաքական ուժերը հասկանան, որ ՀԱՊԿ-ն էֆեկտիվ անվտանգության համակարգ չի: Ես ավելին ասեմ` ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք ակնհայտ պրոադրբեջանական քաղաքականություն են վարում, օրինակ` նույն Բելառուսը: Ուրեմն, ՀԱՊԿ-ը մեզ չի աջակցի», - կարծում է Ստեփան Գրիգորյանը:

Իսկանդարյան. Ադրբեջանը նպատակ ունի, որ Հայաստանն այլևս զբաղվի Սյունիքի պաշտպանությամբ՝ Արցախի փոխարեն

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 14-ը մայիսի, 2021թ.
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 14-ը մայիսի, 2021թ.

Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` երբ ասում են, թե դիմում ենք ՀԱՊԿ-ին, իրականում նկատի ունեն Ռուսաստանը, քանզի դաշինքում փաստացի գործում են միայն երկկողմանի հարաբերությունները՝ Մոսկվայի և կազմակերպության անդամ մյուս պետությունների միջև. «Ռուսաստանի համար մեկ է, թե ում է պատկանում Սև լիճը, թե ով է վերահսկում այս կամ այն բարձունքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի սահմանին։ Ռուսաստանը մեկ համընդհանուր խնդիր ունի՝ հնարավորինս բացառել մեծ պատերազմը և ապահովել իր ներկայությունը։ Նրանք լուծում են այդ խնդիրը։ Բացի այդ ինչ-որ բան կանե՞ն... ինչ-որ բան կանեն, կկիրառեն այն գործիքները, որոնք կիրառում են՝ հայտարարարություններ, բանակցություններ, հեռախոսազանգեր, Լավրովը ինչ-որ բան կպահանջի, Ալիևի հետ Պուտինի խոսակցությունների ժամանակ ինչ-որ բան կխնդրեն, և մենք տեսնում ենք, որ դա բավականին վատ է ստացվում, ինչպես ռազմագերիների հարցում»։

Ըստ Իսկանդարյանի` անգամ եթե Սև լճի կամ Սիսիանի ու Վարդենիսի ուղղությամբ խնդիրներն այս անգամ կարգավորվեն, միևնույն է՝ ադրբեջանցիները չեն անհետանալու, և դժվար է պատկերացնել, որ ամեն անգամ Հայաստանի փոխարեն ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը կլուծեն նմանատիպ խնդիրները։

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանի գլխավոր նպատակն է, որ Հայաստանն այլևս զբաղվի Սյունիքի պաշտպանությամբ՝ Արցախի փոխարեն. «Ադրբեջանցիները Հայաստանում փոխում են պարադիգման։ Տևական ժամանակ է` մենք արդեն պաշտպանում ենք Սյունիքը, ոչ թե Արցախը։ Խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք Սյունիքում են։ Արցախը նահանջում է երկրորդական գիծ։ Ադրբեջանը վաղուց է փոխում այդ պարադիգման՝ սկսած առնվազն 2018թ.-ից, եթե ոչ ավելի վաղ ժամանակներից։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև հայկական աշխարհի՝ Սփյուռքի, Արցախի պաշտպանական գիծը, ուր կանգնած ենք, որի մասին մտահոգված ենք ու ցավում ենք, Սյունիքի, ոչ թե Արցախի սահմաններն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG