Մատչելիության հղումներ

«Իմ քայլ»-ում Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չեն փնտրում, հայտարարում է Արարատ Միրզոյանը


Վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանը, արխիվ

«Իմ քայլ»-ում Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չեն փնտրում, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար վարչապետ Փաշինյանը իր հրաժարականը պահանջող խորհրդարանական ուժերի հետ արտահերթ ընտրությունների մասին պայմանավորվածություն ձեռք բերեց։ «Իմ քայլից», սակայն, արդեն մի քանի անգամ հայտարարել են՝ նոր ընտրություններում իրենց վարչապետի թեկնածուն դարձյալ Նիկոլ Փաշինյանն է, ում ընդդիմադիրներն անվանում են պարտության սիմվոլ։

Արարատ Միրզոյանը, որին հաճախ մամուլը համարում է իշխող ուժի համար Փաշինյանին փոխարինող ամենահարմար թեկնածու, այսօր վերահաստատեց, այլընտրանք չեն փնտրում:

Փաշինյանին նրա թիմակիցները հրաժարականից հետո արդեն առաջադրել են որպես վարչապետի թեկնածու, բայց որպեսզի արտահերթ ընտրություններ նշանակվեն, պետք է 2 անգամ նրան չընտրեն։ Այս դեպքում խորհրդարանը իրավունքի ուժով կարձակվի և նոր ընտրություններ կանցկացվեն։

Մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժ ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանն ասում է՝ արդեն պատրաստվում են ընտրություններին, իսկ նախընտրական ծրագրի աշխատանքները անձամբ համակարգում է իրենց վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ը ունի իր օրակարգը, որը 100-րդ անգամ էլ, թե պետք լինի, կվերահաստատեմ, դա առանձին սեփական ցուցակով, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հունիսի 20-ի ընտրություններին մասնակցությունը, հաղթելը և Գագիկ Ծառուկյանին պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելն է», - նշեց Տոնոյանը:

ԲՀԿ-ն ասում է՝ անակնկալներ չեն լինելու և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Նման հայտարարություն էր արել նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը։

Ընդդիմադիր այս խմբակցությունից այսօր լրագրողների հարցերին պատասխանել հրաժարվեցին։ Չխոսեցին նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին, որ խորհրդարանի ընդդիմադիրները վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ են մտել։

Իվետա Տոնոյանը առաջին նախագահին խորհուրդ տվեց ծանոթանալ նաև այլ սահմանադրագետների կարծիքների հետ. «Մնացած բոլոր խոսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, «Լուսավոր Հայաստան»-ին կամ առանձին քաղաքական ուժերին ինչ-որ գործընթացների մեջ մեղադրելու մեջ ես հստակ միտում եմ տեսնում և կարծում եմ, որ այդ մարդիկ սպասարկում են միանգամայն այլ օրակարգեր, և շատ լավ կլիներ, որպեսզի ունենային բավարար անկեղծություն՝ ասելու, թե իրենք ինչ օրակարգեր են սպասարկում: Որևէ մեկի օրակարգը «Բարգավաճ Հայաստան»-ը չի սպասարկում, «Բարգավաճ Հայաստան»-ը ունի իր օրակարգը»:

Իսկ ընտրություններին հաջորդող հավանական կոալիցիաների մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը խոսելը դեռ վաղ են համարում, ըստ էության, ոչ մի տարբերակ չբացառելով և ընդունելով՝ մեծ չէ հավանականությունը, որ որևէ ուժ կստանա 50 +1 տոկոս։

XS
SM
MD
LG