Մատչելիության հղումներ

Կարիք չկա և նպատակահարմար էլ չի այս պահին զորք լցնել Սյունիք, ասում է Գարեգին Միսկարյանը


«Քաղաքացու որոշում ՍԴԿ» անդամ Գարեգին Միսկարյանը կարծում է, որ այս պահին զորք Սյունիք մտցնելու կարիք չկա: Ըստ նրա` ադրբեջանցիների ներխուժումը ՀՀ սահմաններից ներս փորձ էր` ստուգելու հայկական բանակի մարտունակությունը, ինչպես նաև գուցե հայ-ռուսական հարաբերությունների որակը: Այս մասին նա խոսեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Զորք Սյունիք լցնելու կարիք չկա. Միսկարյան

Եթե ճիշտ են Պաշտպանության նախարարության այն պնդումները, որ Սև լճի շրջաններում, այդ թվում նաև այնտեղ հայտնված ադրբեջանական ջոկատը հայկական բանակի վերահսկողության տակ է, այդ դեպքում «Քաղաքացու որոշում ՍԴԿ» անդամ Գարեգին Միսկարյան կարծում է, որ իրավացի է ՀՀ-ի` ՀԱՊԿ-ին երկրորդ հոդվածով դիմելը, ոչ թե չորրորդով, ինչի մասին սոցիալական ցանցերում ու քաղաքական շրջանակներում քննարկումներ են ընթանում:

«Պետք չի հիմա բերել, զորք լցնել Սյունիք, առավել ևս որ մեզ հայտնի չէ` այն սադրանքը, որը գործել է Ադրբեջանը, ինչ կողմերի և ինչպիսի պայմանավորվածությունների գուցե հետևանք է: Ես հույս ունեմ, որ սա փոքր փորձ էր` ստուգել բանակի պատրաստվածության աստիճանը և գուցե նաև հայ-ռուսական հարաբերությունների որակը», - կարծում է Միսկարյանը: Վերջինս ասում է` առաձնապես որևէ ռազմական միջամտության ցանկություն ու հույս էլ չունի, կրկնում է` սա կարող է նաև ստուգայց լինել առաջիկայում ադրբեջանական զորավարժությունների համար:

«Կարծում եմ` կարիք չկա և նպատակահարմար էլ չի այս պահին ՀԱՊԿ-ին դիմել և զորք լցնել Սյունիք», - նկատեց նա:

Ընտրությունների հավանաբար կմասնակցեն

«Քաղաքացու որոշում ՍԴԿ» անդամ Գարեգին Միսկարյանն ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ կոնկրետ որոշում չկա, բայց հակված են մասնակցելուն, նաև հակված են որոշ ուժերի հետ միասին ընտրություններին գնալու. «Դեռևս որոշում չկա», -ասաց նա:

Նաև հայտնեց, որ մարզերում են գրասենյակներ բացում, տեղում բնակիչների նախաձեռնությամբ հանդիպումներ են ունենում: Միաժամանակ նշեց` չէր ասի, թե իրենց ճանաչելիությունը համատարած շատ բարձր է, բայց կան շատերը, ովքեր իրենց հետ հույս են կապում:

Անվտանգության խնդիրը միայն Սյունիքին չի վերաբերում

Հարցին, թե ինչպես են լուծելու Սյունիքի անվտանգության խնդիրը, նա ասաց, որ խնդիրը միայն Սյունիքին չի վերաբերում: Ըստ նրա` այդ խնդիրը կարող է նաև օրինակ` Վարդենիսում, Տավուշում. «Մենք մեր հարևանների հետ մեր անվտանգություն որպես պետություն չենք կարողանում ապահովել, և դա փաստ է, և պատերազմում կրած պարտությունը թերևս դրա ապացույցներից մեկն է, որ մենք չունենք մարտունակ բանակ: Ես չէի ցանկանա խոսել պատճառների մասին, բայց մեր կառավարող ուժ դառնալու պարագայում իհարկե, առաջնահերությունը պիտի լինի պետության կարևորագույն ֆունկցիայի վերականգնումը` արտաքին ագրեսիայից պետության և քաղաքացիների պաշտպանությունը, և դա պետք է անի բանակի, բանակի ռեֆորմների միջոցով»:

Նրա խոսքով` բանակում սննդի որակի բարելավումը բարեփոխումներ չէր նշանակում, մի շարք փոփոխություններ են անհրաժեշտ:

2018-ի հեղափոխությունն` ըստ Միսկարյանի

Հարցին, թե ինչ էր 2018-ին կատարվածը, եթե ոչ թավշյա հեղափոխություն, բանախոսն ասաց. «Տեսեք, մինչև այդ համակարգը, որը ծառայում էր ըստ էության փողի, փոխարինվեց մարդկանցով, որոնք այլևս ուժի և փողի միջոցով չեն պահում համակարգը, բայց այն պահելու համար օգտագործում են այլ վատ մեթոդներ, դա պոպուլիզմն է, պոպուլիզմի միջոցով մարդկանց կախման մեջ պահելը, այսինքն` սպասումների»:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG