Մատչելիության հղումներ

Վրաստանում ստեղծվող նոր քաղաքական ուժը արմատապես կտարբերվի մյուսներից


Վրաստան - Գործարար Լևոն Վասաձե, արխիվ
Վրաստան - Գործարար Լևոն Վասաձե, արխիվ

Արդեն այս շաբաթ Վրաստանում նոր քաղաքական ուժ կձևավորվի, որն իր գաղափարախոսությամբ արմատապես տարբերվելու է երկրում ակտիվ դերակատարություն ունեցող մյուս կուսակցություններից։ Թբիլիսցի գործարար Լևան Վասաձեի «Միասնություն, Ինքնություն, Հույս» կոչվող կուսակցությունը պատրաստվում է հանդես գալ արմատական հակաարևմտյան դիրքերից և քարոզել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին։

«Սա անկախական, իրապաշտ, ժողովրդական, ավանդապաշտ և պահպանողական շարժում է», - Վասաձեն այսպես էր բնութագրում իր քաղաքական ուժի գաղափարախոսությունն անցած շաբաթավերջին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լայն հանրությանը Վասաձեն հայտնի դարձավ 2019-ին, երբ այսպես կոչված «ժողովրդական ջոկատներ» ձևավորեց՝ նպատակ ունենալով թույլ չտալ Վրաստանի մայրաքաղաքում Tbilisi Pride շքերթի անցկացումը։ Փոքրամասնությունների ներկայացուցիչները 2019-ի գարնանն այդպես էլ փողոց դուրս չեկան, սակայն Վասաձեն հանրային հիշողության մեջ մնաց որպես երկրում ավանդական արժեքների գլխավոր ջատագովներից մեկը։ Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Վասաձեն հաջող քաղաքական գործունեություն ծավալելու որոշակի նախադրյալներ ունի։ Նախ նա բավական հարուստ է, որոշ լրատվամիջոցներ նրա կարողությունը շուրջ 25 միլիոն դոլար են գնահատում։ Բացի այդ՝ ավանդապաշտ գործարարը սերտ կապեր ունի Վրաց ուղղափառ եկեղեցու հետ։ Տեղական աղբյուրները պնդում են, որ Վասաձեն եկեղեցու ամենաազդեցիկ սպասավորներից մեկի՝ կաթողիկոս Իլիա երկրորդի տեղապահ եպիսկոպոս Մուջիրիի մոտիկ ընկերն է։

Ինքը Լևան Վասաձեն պնդում է, որ քաղաքական կուսակցություն ստեղծելու իր որոշումը վերջնականապես հասունացավ այն բանից հետո, երբ իշխանությունն ու ընդդիմությունը չկարողացան հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամը՝ ի վերջո ստորագրելով Եվրամիության հատուկ բանագնաց Դանիելսոնի մշակած փաստաթուղթը։

«Այդ փաստաթղթի ստորագրումն այն վերջին կաթիլն էր, որ ինձ ստիպեց [մուտք գործել քաղաքականություն]: Այդ փաստաթղթի ստորագրումը մեր երկրի ինքնիշխանության կոպիտ ոտնահարում էր», - պնդում է Վասաձեն։

Թբիլիսցի փորձագետների համոզմամբ՝ Վասաձեի գործունեության իրական շահառուն Մոսկվան է։ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին չի բացառել, որ Վասաձեի ակտիվացմամբ Ռուսաստանը փորձում է կանխել արևմտյան արժեքների հետագա տարածումը Վրաստանում։

Վասաձեն իր գործունեության թիկունքում ռուսական ներկայության մասին պնդումները կտրականապես հերքում է՝ նշելով, սակայն, որ ուղղափառ Վրաստանն ու ուղղափառ Ռուսաստանը բնական դաշնակիցներ են։

«18-րդ դարի վերջում հենց քրիստոնյա Ռուսաստանն էր, որ փրկության ձեռք մեկնեց քրիստոնյա Վրաստանին», - հարցազրույցներից մեկում հայտարարել է Վասաձեն։

Ինչ վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային, ապա այդ տարածքները գործարարը, ինչպես և Վրաստանի մյուս քաղաքական ուժերը, օկուպացված է համարում՝ նշելով, այդուհանդերձ, թե դրանց ազատագրումը հնարավոր է բացառապես Մոսկվայի հետ ուղղակի բանակցությունների միջոցով։

XS
SM
MD
LG