Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմադիր ուժերը ողջունում են երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման Բրյուսելի հերթական պլանը


Վրաստան - Ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի, 13-ը ապրիլի, 2021թ․
Վրաստան - Ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի, 13-ը ապրիլի, 2021թ․

Վրաստանի ընդդիմադիր ուժերը ողջունել են երկրի ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Բրյուսելի հերթական պլանը։

Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ արդեն երկրորդ անգամ։ Ըստ այդ պլանի՝ Միշելն առաջարկում է ընտրական բարեփոխումների, արդարադատության ոլորտում փոփոխությունների անցկացում, խորհրդարանում լիազորությունների բաժանում, քաղբանտարկյալների ազատ արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, եթե առաջիկա աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող ուժը չկարողանա հավաքել քվեների 43 տոկոսը։

Շուրջ կես տարի է՝ Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողանում ներքաղաքական ճգնաժամի հանգեցրած տարաձայնություններն ինքնուրույն հաղթահարել։

Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել՝ պնդելով, որ հերթական անգամ մեծամասնություն ստացած «Վրացական երազանք»-ը կեղծել է քվեարկությունը։ Լարվածությունը գագաթնակետին հասավ շաբաթներ առաջ, երբ իրավապահները գրոհեցին երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Ազգային միացյալ շարժման գրասենյակն ու կալանավորեցին կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։

XS
SM
MD
LG