Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցությունը ամրապնդելու հնարավորությունը


Միացյալ Նահանգների պետքարտուղարը հարցազրույց է տալիս «Ազատության» ուկրաինական ծառայության հետ

Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն անհետևանք չեն մնա, Վաշինգտոնն ակտիվորեն ուսումնասիրում է Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցությունը ամրապնդելու հնարավորությունները, այս մասին նախօրեին մեկօրյա այցով ժամանելով Կիև` հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը Ջո Բայդենի վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն Ուկրաինա է այցելել` բանակցելու այդ երկրի իշխանությունների հետ։

Ռուսաստանի հետ խորացող ճգնաժամի ֆոնին` ամերիկացի դիվանագետը վերահաստատել է՝ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է՝ որևէ երկիր չի կարող մյուսին թելադրել ինչպիսի քաղաքականություն վարել և ում հետ դաշինք կազմել։

«Այդ սկզբունքները այստեղ՝ Ուկրաինայում, վտանգված են ռուսաստանյան գործողություններով»,- շեշտել է Էնթոնի Բլինքենը և հավելել, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ. - «Եվ եթե մենք թույլ տանք` անպատիժ խախտվեն այդ սկզբունքները, դա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև աշխարհի այլ երկրների համար սխալ ազդակ կլինի, որ կանոնները որևէ նշանակություն չունեն, որ երկրները կարող են իրենց դրսևորել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, որ ուժը միշտ ճիշտ է»։

Շաբաթներ առաջ Մոսկվան հավելյալ ուժեր էր կենտրոնացրել 2014 թվականից բռնակցված Ղրիմում ու Ուկրաինայի հետ սահմանին՝ լուրջ մտավախություններ առաջացնելով Արևմուտքում։ Ապրիլի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե սկսում է ետ քաշել զորքերը։

Պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել Ուկրաինայի սահմանին ռուսաստանյան վերջին լարվածությունից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է՝ անհրաժեշտ է պահպանել առավելագույն սթափություն Ռուսաստանի կողմից ագրեսիայի և անխոհեմ գործողությունների դեպքում։

Փաստելով, որ Մոսկվան սկսել է ետ քաշել զորքի մի մասը ուկրաինական սահմաններից, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդուհանդերձ, ռուսաստանյան որոշ միավորումներ, այդ թվում` ծանր զինտեխնիկա շարունակում են մնալ այնտեղ։ Այդ իսկ պատճառով, ինչպես հայտարարել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները «ուշի ուշով հետևում է և անում հնարավորը` օգնելու Ուկրաինային միջոցներ ստանալ իր տարածքն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»։

«Ազատության» ուկրաինական ծառայության լրագրողն ԱՄՆ պետքարտուղարին հիշեցրել է, որ պաշտոնական Կիևը հայտարարել է օդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման և Ուկրաինայում ամերիկյան պատրիոտ համակարգերի տեղակայման անհրաժեշտության մասին։ Արդյոք Վաշինգտոնը դիտարկո՞ւմ է այդ երկու նախագծերից որևէ մեկի իրագործման հնարավորությունը:

«Մենք, իհարկե, կքննարկենք նմանօրինակ ցանկացած խնդրանք, բայց գլխավորն այն է, որ Պենտագոնը հանդիսանում է Ուկրաինայի հիմնական գործընկերը, և համաձայն մեր կողմից վարվող բանակցությունների՝ մենք փնտրում ենք լրացուցիչ օգնություն, որն ավելին կլինի, քան մենք արդեն տրամադրում ենք, ներառյալ նաև սարքավորումները, որոնք կօգնեին Ուկրաինային այս իրավիճակում։ Այդ գործընթացն ակտիվ քննարկվում է»,- հավաստիացրել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Միացյալ Նահանգների պետքարտուղարն անդրադարձել է նաև Ռուսաստանում լրատվամիջոցների դեմ իշխանությունների նախաձեռնած ճնշումների նոր ալիքին, մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրոյի փակման վտանգին, որի կապակցությամբ ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել։

Էնթոնի Բլինքենը շեշտել է՝ Միացյալ Նահանգները անկախ լրագրության կողքին է. «Դա ցանկացած ժողովրդավարական համակարգի հիմքն է, ինչը թույլ է տալիս պատասխանատվության կանչել իշխանություններին իրենց գործողությունների համար, իրազեկել մարդկանց»:

ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է նաև, որ որտեղ լրագրության և ազատ մամուլի վրա ճնշումներ լինեն` Միացյալ Նահանգները կաջակցի այդ լրագրողներին և ազատություններին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG