Մատչելիության հղումներ

«Ապրիլյան քննիչ հանձնաժողովով Սերժ Սարգսյանին պատժելու ծրագիրը ձախողվել է. միֆեր են պայթել». հանձնաժողովի անդամ, պատգամավոր


«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, արխիվ

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը իշխանությունը որոշել է չհրապարակել։ Փոխարենը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ելույթ կունենա:

Հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքով` զեկույցը ելույթով են փոխարինել, որովհետև 44-օրյա պատերազմից հետո ձախողվել է Սերժ Սարգսյանին պատժելու Փաշինյանի ծրագիրը. «Փաշինյանի ելույթը, որից հետո ստեղծվեց հանձնաժողովը, միտված էր դրան, որ պիտի պատժեն Սերժ Սարգսյանին հանձնաժողովի զեկույցով, բայց երբ հանձնաժողովի աշխատանքներում պարզ դարձավ, որ դա չի լինելու Սերժ Սարգսյանի պատիժը, և կարծում եմ` այս 20 թվականի պատերազմից հետո դա ուղղակի արդեն ծիծաղելի է դառնում»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` այլ պատճառ էլ կա, որ իշխանությունը զեկույցն ամբողջությամբ չի հանձնում հանրության դատին։ Ըստ նրա` վերջին պատերազմում կրկնվել են ապրիլյանի սխալները, որ նախկիններին անողոք քննադատող Փաշինյանի օրոք էլ չեն շտկվել. «Ու ասեմ ավելին` դրանց մի մասը բացահայտված է եղել նաև 16 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի կողմից կազմված զեկույցներով: Միգուցե հիմա նաև այդ պատասխանատվությունից են վախենում գործող իշխանությունները, որ ակնհայտ կդառնա, որ 16 թվականից պարզ էր, որ մենք այս խնդիրներն ունենք, ու ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ խնդիրները լուծելու համար»:

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի զեկույցն ամփոփվել է հրադադարի հայտարարությունից հետո՝ նոյեմբերին, ասում է Գորգիսյանը։ Տարակուսած է, որ ամիսներ անց այն դեռ չի զեկուցվել Ազգային ժողովին, ինչն օրենքի պահանջ է. «Ինչո՞ւ մինչ այժմ չի հրապարակվում, ինչո՞ւ դա որևէ կերպ չի մտնում Ազգային ժողով, որովհետև ԱԺ կանոնակարգ-օրենքով ասվում է` պիտի զեկուցվի Ազգային ժողովին, բաց, թե փակ ընթացակարգով, դա միևնույն է, պիտի զեկուցվի Ազգային ժողովին»:

Անդրանիկ Քոչարյանը, որ երկու տարի հանրությանը պատրաստում էր սկանդալանային բացահայտումների, հրաժարվում է պատասխանել «Ազատության» հարցերին, թե ինչո՞ւ են որոշել հանրությունից գաղտնի պահել զեկույցը, և որքանով է իր ելույթը պատասխանելու 5 տարի օդում կախված հարցերին։ Քոչարյանը հրաժարվեց արձագանքել նաև Գևորգ Գորգիսյանի մեկնաբանություններին։

Հանձնաժողովի իշխանական անդամ Արմեն Խաչատրյանը ենթադրում է, որ զեկույցը չի հրապարակվում պետական ու ռազմական գաղտնիքների պատճառով։ Իսկ թե ելույթը որքանով կպատասխանի քառօրյային առնչվող հարցերին, չգիտի. «Թե ում համար կփարատվի, ում համար չի փարատվի, ես չեմ կարող ասել` ամեն մարդ ոնց կընկալի, ոնց կհասկանա: Կան բաներ, որոնք, գաղտնիության ռեժիմից ելնելով, կարա չհրապարակվի»:

Ռազմական, պետական գաղտնիքների հրապարակմանը ընդդիմադիր պատգամավորն էլ է դեմ, այսպես թե այնպես դրանք չէին հրապարակվելու, բայց կան բացահայտումներ, որ քրեական գործերի հիմք են։ Հանրությունը պետք է իմանա։ Այդպիսի մի գործի հասցեատեր է Արտակ Դավթյանը, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով կրկին նշանակվեց Գլխավոր շտաբի պետ։ 2016-ի ապրիլյանի օրերին նա Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետն է եղել:

«Հետախուզության վարչության պետը, օպերատիվ վարչության պետը, ով հիմա մեր Գլխավոր շտաբի պետն է, նրանք պիտի պատասխանատվություն կրեն: Եվ ես կարծում եմ` դա քրեական գործի շրջանակներում նրանք պետք է բացատրություն իրենց չարածների համար», - շեշտում է ԼՀԿ պատգամավորը:

Ապրիլյան մարտերում Արտակ Դավթյանի վատ դերակատարման մասին երկու ամիս առաջ խոստովանել էր հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը. «Արտակ Դավթյանի մասով դուք կկարդաք 16 թվականի քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ, բայց որին այսօր ազատել են, Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է, ըստ իս, ունեցել 16 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ», - ասել էր նա:

Բայց դա չխանգարեց, որ Փաշինյանը նրան երկրորդ անգամ վստահի բանակի ղեկը։ Հանձնաժողովը պարզել է Դավթյանի վատ դերակատարումը, բայց ըստ Գորգիսյանի` դա Փաշինյանի օրոք քննության առարկա չի դառնա. «Իհարկե, պարզվել է, և ես հույս ունեմ, որ իշխանափոխությունից հետո քրեական գործի շրջանակներում դա կքննվի»:

«Արտակ Դավթյանի նշանակման անհնարինության հետ կապված խնդիրներ չեն եղել ոչ զեկույցի մեջ, ոչ էլ այլ վայրերում», - հավաստիացնում է «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը:

Վարչապետ Փաշինյանի հրահանգով երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը պայթեցրել է քառօրյայի ամենաշահարկվող միֆերը, ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Համոզվել են՝ չի եղել սոված կամ բահով կռված զինվոր, չի եղել տանկ, որ բենզին չլինելու պատճառով դիրքեր չի հասել. «Այդ ամենը միֆ էր, և մենք չենք ունեցել որևէ տանկ, որը բենզին չունենալու պատճառով չի հասել առաջնագիծ, ինչպես ասվում էր, չենք ունեցել զինվորներ, որոնք սոված են մնացել, ընդ որում մենք զինվորների հետ էլ ենք զրուցել: Նրանք վիրավորվում էին այդ ամեն ինչից»:

Այդ հանձնաժողովը չէր կարող աղմկահարույց տվյալներ կամ իրենց փնտրած դավադրությունը բացահայտել, համոզված է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Եթե դավադրություն է եղել, ապա միայն թուրք-ադրբեջանական։ 44-օրյա պատերազմից հետո այդ զեկույցը պետք է մի դարակում պահեն. «Կամ տան Պաշտպանության նախարարությանը, որպեսզի Պաշտպանության նախարարությունը այդ ուղղությամբ աշխատի, և ընդհակառակը` պետք է ստեղծել քննիչ հանձնաժողով` հիմա այս վերջին պատերազմի իրողությունը բացահայտելու համար»:

Պաշտպանության նախկին նախարարը, որ հանձնաժողովում բացատրություններ է տվել, ասում է՝ մարտական գործողություններին ու սպառազինությանը վերաբերող տեղեկությունները չպետք է հասանելի լինեին այսպիսի հանձնաժողովներում։ Քառօրյայի քննությունն էլ, ըստ Օհանյանի, պոպուլիզմի ու ինքնաքարոզչության նպատակով շահարկվեց. «Իրենց գործողություններում ես չեմ տեսել պետական կառավարման համակարգին վերաբերող արդյունավետ քայլեր, որոնք առաջինը մեր ազգային երաշխիքների, այսինքն` անվտանգային ամբողջ համակարգի և նաև բանակի մարտունակությունը կբարձրացնեին»:

Անդրանիկ Քոչարյանի կազմած զեկույցի տակ ստորագրել են «Բարգավաճ Հայաստանի» ու իշխող խմբակցության անդամները, «Լուսավորից» չի ստորագրել։ Զեկույցին փոխարինած ելույթը հավանաբար կհնչի հաջորդ շաբաթվա քառօրյայում։ Թե 44-օրյա պատերազմից հետո այն որքան հնչեղ կլինի կամ կզարմացնի հանրությանը, պատգամավորները լռում են։ Հանձնաժողովի գործունեությունից առայժմ հայտնի են տեխնիկական մանրամասներ։ Կա 97 էջանոց զեկույց, 80 ժամ տեսաձայնագրություն, հրավիրվել է 30 նիստ, և այս ամենն ապահովել են հանձնաժողովի 19 հյուրերը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG