Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան. Յուրի Խաչատուրովը ունի 2 օր` Ապրիլյան քննիչ հանձնաժողով ներկայանալու


Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Յուրի Խաչատուրովը ունի երկու օր ևս ժամանակ` Ապրիլյան քննիչ հանձնաժողով ներկայանալու և հարցերին պատասխանելու համար, այսօր տեսակապով ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Դա շատ կարևոր է, ես հիմա հայտարարություն եմ անում, հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո 2 ժամից ավելի: Կան բաներ, որ Յուրի Խաչատուրովը հանձնաժողովում պետք է պատասխանի հարցերին, դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ: Եվ ես կարծում եմ, որ նորից ես նամակներ չեմ ուղարկելու, որովհետև նամակ ուղարկել ենք, ստացել ենք պատասխան, բայց էս ամբողջ գործընթացի մեջ չի եղել մի պաշտոնյա, ընդհուպ պարոն Նալբանդյանը, և կլինի մի օր, որ ձեզ այս ձայնագրությունները հասանելի կլինեն, և կտեսնեք, թե մեզ հուզող ամենակարոր հարցերը, որը մենք հնչեցրել ենք, պատահական չի չէ՞, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնն այդ ժամանակ զբաղեցրած անձնավորությանը մենք տալիս ենք հարցեր, և ես հայտարարում եմ, որ Խաչատուրովը դեռ երկու օր, մենք ամսի չորսին ենք ոնց որ վերջացնում մեր ժամկետը, մինչև չորսը մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով նշանակել հանձնաժողովի նիստ և ուղղել հարցեր պարոն Խաչատուրովին պարոն Նալբանդյանին լսելուց հետո»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա հավելեց` այլապես եզրակացությունները կներկայացնեն առանց իրեն լսելու:

«Եվ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ: Քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չունի: Բնականաբար, համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որն այս գործընթացի մեջ ունեցել է շատ կարևոր, ամենակարևոր դերակատարումներից մեկը, պետք է գա և պատասխանի այս հարցերին: Իրեն ուղղված հարցեր են դրանք»,- նկատեց նա:

Հարցին, թե Յուրի Խաչատուրովը միա՞կ պաշտոնյան է, որը չի ներկայացել հանձնաժողով ցանկից, Քոչարյանը պատասխանեց` իհարկե.- «Ես մի անգամ կատակով ասացի` մնում էր Թրամփին հրավիրեինք, նա էլ չէր մերժի, իսկ ինչի՞ է մերժում Խաչատուրովը, ես չգիտեմ: Այ այդ հարցը մենք պետք է տանք` ի՞նչ է նշանակում մերժել մի հանձնաժողովի աշխատանքին, որին բոլոր պաշտոնյաները, իր ենթակայության տակ եղած զինվորականները բոլորը մեծ պատրաստակամությամբ եկել են և օգնել են մեզ` իրողությունները ճիշտ հասկանալու համար: Եվ պարոն Նալբանդյանը Մոսկվայից, չկասկածեք, եթե ինքնաթիռ լիներ, օր առաջ պետք է գար: Եվ որովհետև սրա կարևորությունը բարոյական առումով շատ ավելին է, քան թե իրավական ցանկացած խնդիր»:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2016-ի ապրիլին զբաղեցրել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը: Նա մերժել է հանձնաժողով գալու հրավերը:

«Ազատության» հարցին, թե Էդվարդ Նալբանդյանը հարցերին բավարար պատասխան տվեց, ինչ-որ բաներ բացահայտե՞լ են, հանձնաժողովի նախագահը պատասխանեց.- «Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:

XS
SM
MD
LG