Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Աշխատանքի օրվա առթիվ


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը Աշխատանքի և աշխատավորի օրվա առթիվ այսօր ուղերձներ են հղել։

«Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն աշխատանքով»

Ըստ վարչապետի գրասենյակի՝ իր շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է՝ կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը բերել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն համատեղ ամենօրյա աշխատանքով։

«2020 թվականի ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մեր անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց ամենայն լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Վերջին երեք տարիների ընթացքում մեր կառավարության հիմնական խնդիրն է եղել քաղաքացիներին խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Կարծես դա սկսել էր արդյունք տալ, սակայն նախորդ տարվա ճգնաժամերը, ցավոք սրտի, խաթարեցին մեր առաջընթացն ու զարգացմանը միտված գործողությունները», - ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն, քաղաքացիների կարողությունների զարգացմանը, կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացմանը:

Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ևս իրականացնում են հետևողական քայլեր:

«Հայ ժողովուրդն աշխատող է, ստեղծարար, տաղանդավոր և իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը: Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով կառուցենք ամուր, զարգացած, նորարարական և ապագային նայող պետություն: Այդ գործընթացը սկսվել է և հասնելու է իր նպատակակետին՝ ի հեճուկս ճգնաժամի, պատուհասած պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների ու դժվարությունների: Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն ու ստեղծագործ աշխատանքով», - եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը:

«Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ հայրենիքի՝ ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը»

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը։

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է՝ այսօր Աշխատանքի օրն է, ևս մեկ հիշեցում, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն:

«Յուրաքանչյուրիս մեջ կա ներուժ՝ անելու ավելին, հասնելու ավելիին, արթնացնելու կամ վերագործարկելու մեր մեջ այդ թաքնված ընդունակությունը: Ցանկացած մարդ, որն իր ընտանիքին, հայրենիքին, ժողովրդին ծառայելու ցանկություն ունի, պետք է կարողանա, հնարավորություն ունենա դա անել: Եվ դրա համար չպետք է խոչընդոտներ լինեն», - ասել է նախագահն՝ ընդգծելով․ - «Մեր երկրի օրակարգը, առավել ևս՝ զարգացման օրակարգը պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով՝ զինվորականի ու մանկավարժի աշխատանքով, բժշկի ու ծրագրավորողի աշխատանքով, գյուղացու և հնէաբանի աշխատանքով, հավաքարարի ու բանվորի աշխատանքով, դիվանագետի ու սահմանապահի աշխատանքով, պաշտոնյայի ու դերասանի, պետական ծառայողի ու արվեստագետի աշխատանքով»:

Նրա խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն երկրի մեջքը քաղաքականապես ու տնտեսապես, բարոյապես ու ֆիզիկապես ուղղելը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելը․ - «Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը»:

XS
SM
MD
LG