Մատչելիության հղումներ

Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ հայրենիքի՝ ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը․ նախագահն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ


Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը, այսօր հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ Աշխատանքի օրվա առթիվ իր ուղերձում:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է՝ այսօր Աշխատանքի օրն է, ևս մեկ հիշեցում, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն:

«Յուրաքանչյուրիս մեջ կա ներուժ՝ անելու ավելին, հասնելու ավելիին, արթնացնելու կամ վերագործարկելու մեր մեջ այդ թաքնված ընդունակությունը: Ցանկացած մարդ, որն իր ընտանիքին, հայրենիքին, ժողովրդին ծառայելու ցանկություն ունի, պետք է կարողանա, հնարավորություն ունենա դա անել: Եվ դրա համար չպետք է խոչընդոտներ լինեն», - ասել է նախագահն՝ ընդգծելով․ - «Մեր երկրի օրակարգը, առավել ևս՝ զարգացման օրակարգը պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով՝ զինվորականի ու մանկավարժի աշխատանքով, բժշկի ու ծրագրավորողի աշխատանքով, գյուղացու և հնէաբանի աշխատանքով, հավաքարարի ու բանվորի աշխատանքով, դիվանագետի ու սահմանապահի աշխատանքով, պաշտոնյայի ու դերասանի, պետական ծառայողի ու արվեստագետի աշխատանքով»:

Նրա խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն երկրի մեջքը քաղաքականապես ու տնտեսապես, բարոյապես ու ֆիզիկապես ուղղելը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելը․ - «Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG