Մատչելիության հղումներ

«Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն աշխատանքով»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշխատավորների միջազգային օրը


Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանի մասնավորապես նշել է․ - «2020 թվականի ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մեր անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց ամենայն լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Վերջին երեք տարիների ընթացքում մեր կառավարության հիմնական խնդիրն է եղել քաղաքացիներին խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Կարծես դա սկսել էր արդյունք տալ, սակայն նախորդ տարվա ճգնաժամերը, ցավոք սրտի, խաթարեցին մեր առաջընթացն ու զարգացմանը միտված գործողությունները»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն, քաղաքացիների կարողությունների զարգացմանը, կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացմանը:

Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ևս իրականացնում են հետևողական քայլեր:

«Հայ ժողովուրդն աշխատող է, ստեղծարար, տաղանդավոր և իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը: Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով կառուցենք ամուր, զարգացած, նորարարական և ապագային նայող պետություն: Այդ գործընթացը սկսվել է և հասնելու է իր նպատակակետին՝ ի հեճուկս ճգնաժամի, պատուհասած պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների ու դժվարությունների: Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն ու ստեղծագործ աշխատանքով: Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Աշխատանքի օրվա առթիվ ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։

XS
SM
MD
LG