Մատչելիության հղումներ

Բլինքենն ընդգծում է՝ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը «մեղքը որևէ մեկի վրա բարդելու նպատակ չուներ»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ

«Նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ մեկին որևէ մեղադրանք ուղղելու նպատակ չուներ», - պնդել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարեց անցած գիշեր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հեռավար ասուլիսի ընթացքում։

Բլինքենը նաև հատուկ ընդգծել է, որ Բայդենի այդ հայտարարությունը չպետք է որևէ մեկի համար անակնկալ լիներ։

«Նախագահ Բայդենն իր այդ տեսակետը արտահայտել է տարիներ շարունակ։ Նա այդ մասին հստակորեն հայտարարում էր, երբ սենատոր էր, պարզ կերպով խոսել է նաև քարոզարշավի ընթացքում և այժմ նախագահի պաշտոնում վերահաստատում է իր այդ տեսակետը։ [Պաշտոնավարման] առաջին իսկ օրվանից նախագահը միանշանակորեն ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներն են։ Այդ քաղաքականության մի մասն էլ հենց պատմական իրադարձությունների հստակ ըմբռնումն ու նախկինում կատարված ոճրագործությունների ճանաչումն է` դրանց կրկնությունը կանխելու նպատակով։ Նախագահն ասել էր՝ Հիշատակի այդ օրը նշելու նպատակը զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր, այլ ոչ թե մեղքը [որևէ մեկի վրա] բարդելը։ Մեր ուշադրության կենտրոնում այն իրադարձություններն էին, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության անկման շրջանում», - պատասխանելով թուրքական Hurriyet թերթի լրագրողի հարցին՝ նշել է պետքարտուղար Բլինքենը։

Դրա հետ մեկտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հարկ էր համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ նախագահ Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձի հրապարակումից մեկ օր առաջ զանգահարել էր Թուրքիայի ղեկավարին՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։

«Նախագահը լավ հեռախոսազրույց էր անցկացրել նախագահ Էրդողանի հետ։ Նրանք անհամբերությամբ սպասում են հանդիպելու հնարավորությանը։ Բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ մեր երկու երկրները սերտորեն համագործակցում են։ Թուրքիան Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կարևորագույն դաշնակիցն է։ Մենք համագործակցում ենք բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ շահերից ելնելով։ Իհարկե, կան նաև տարաձայնություններ, սակայն աշխարհի պետությունների մեծամասնությունը տարաձայնություններ ունենում է», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա խնդիրները ինքը պարբերաբար հեռախոսով քննարկում է «իր պաշտոնակից և բարեկամ Թուրքիայի արտգործնախարարի հետ»։

Հեռավար ասուլիսի ընթացքում Բլինքենը նաև նշել է, որ այս պահին երկու երկրների միջև առկա գլխավոր հակասությունները վերաբերում են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերմանը։

«C-400-ների ձեռքբերումը վտանգում է Միացյալ Նահանգների անվտանգությունը, ինչպես նաև դաշնակիցների ռազմական տեխնոլոգիաներն ու զինվորական անձնակազմը։ Բացի այդ նման գործարքը զգալի ֆինանսական միջոցներ է ներարկում Ռուսաստանի պաշտպանական համակարգ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ռուսներին ներթափանցել թուրքական Զինված ուժեր և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերություն», - հայտարարել է Բլինքենը։

Ինչ վերաբերում է C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին, ապա դրանք, ըստ պետքարտուղարի, հիմնված են այն օրենքների վրա, որոնք ընդունվել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

«C-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերումը կհանգեցնի նոր պատժամիջոցների», - զգուշացնում էր Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից ռուսաստանյան արտադրության սպառազինության ձեռքբերման շուրջ ամերիկյան իշխանության տարբեր թևերի և քաղաքական տարբեր ուժերի միջև հստակ կոնսենսուս գոյություն ունի։

«Այս մտահոգությունները կիսում է թե՛ մեր վարչակազմը և թե՛ Կոնգրեսը՝ այնտեղ ներկայացված երկու կուսակցությունների ձևաչափով։ Դեմոկրատներն ու հանրապետականները այս հարցում շատ հստակորեն են արտահայտել իրենց տեսակետը, նրանց այդ տեսակետն անփոփոխ է և այդպիսին էլ կմնա», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

XS
SM
MD
LG