Մատչելիության հղումներ

Սյունիքում վարչապետի դեմ ակցիաների գործով ձերբակալվածների մի մասն ազատ է արձակվել, 19 հոգու՝ մեղադրանք առաջադրվել


Բողոքի ակցիա Սյունիքի մարզում, 21-ը ապրիլի, 2021թ.

Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ակցիաների քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին։ Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Զաքարյանը չի ընդունում մեղադրանքը։

Փաստաբանը վիճարկում է ձերբակալության իրավաչափությունը։ Դատարանը քննում է այս բողոքը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը Զաքարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սա էլ դատարանը կքննի վաղը:

Խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին, նա ստորագրությամբ ազատ է արձակվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 23 ձերբակալված անձից 19-ին մեղադրանք է առաջադրել, մի մասը ազատ է արձակվել ստորագրությամբ։ Գորիսի փոխքաղաքապետը մասնակցել է բողոքի ակցիային։ Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն ասում է՝ Քննչական տեղափոխելիս նրան մարմնական վնասվածքներ են հասցրել, փաստեր կան. «Մենուան ուներ մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ, բարեբախտաբար, ֆիքսվել են դրանք, դատական բժշկին է այսօր ներկայացվել, և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նոր կորոշվի ծանրության աստիճանը»:

Արմեն Մելքոնյանը տասը սյունեցու փաստաբանն է, ասում է բոլորին էլ մեղադրանք են առաջադրել խուլիգանության համար։ Այդ թվում՝ Արարատ Աղաբեկյանին, որը փաստաբանի պնդմամբ, ակցիաներին չի մասնակցել, վերջին վեց օրը տանը հիվանդ պառկած է եղել։

«Մտածել է, որ կորոնավիրուսով է հիվանդ և ինքնամեկուսացել է բացարձակ: Եթե վեց օրվա ընթացքում, ասում է, «վարույթն իրականացնող մարմինը ապացուցիր, որ ես իմ ծնողի տնից գոնե բակ եմ դուրս եկել, ուրեմն ինչ մեղադրանք առաջադրեն, ապա կընդունեմ», - ասաց Մելքոնյանը:

Արարատ Աղաբեկյանը Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրն է։ Գյուղապետն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ եղբայրը հիվանդ է եղել ու ոստիկանները երեկ առավոտյան ներխուժել են տուն ու նրան բարձր ջերմությամբ, հիվանդ վիճակում տարել։ Արարատ Աղաբեկյանը Գորիսում՝ հայրական տանն է եղել, քանի որ նրա տունը եռակողմ հայտարարությունից հետո մնացել է Ադրբեջանի զիջած տարածքում։ Հատկապես բուռն քննարկվում էին շուռնուխցի Աղաբեկյանին Քննչական տանելու կադրերը. ինքնազգացողությունը վատ էր, խնդրում էր շտապօգնություն կանչել։

«Բոլորդ ականատես եղաք, թե ոնց մարդուն ապօրինի, օրենք կոպիտ խախտումներով, հանցագործություն կատարելով, տեսաք նաև՝ ոնց բերեցին Քննչական կոմիտե, ասում եմ, որ նրանք, ովքեր այս ապօրինություններն արել են, պատասխան են տալու: Արարատի նման մարդուն կարան էդ ձևով խոշտանգեն», - ասաց պաշտպանը:

Այս ձերբակալությունները սկսվել են Սյունիքի մարզ վարչապետի աղմկահարույց այցից հետո։ Նախօրեին վարչապետին Մեղրիում ու Ագարակում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ հեռանա մարզից։ «Նիկոլ դավաճան» վանկարկումներով նրան ուղեկցել էին փողոցներում, փակել ճանապարհը։

Նույն օրը՝ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։ Ժամեր անց իրավապահները սկսեցին բերման ենթարկել մասնակիցներին։

Արդյոք վարչապետն այս հանձնարարությամբ չի՞ ուղղորդել իրավապահներին պատժել իր դեմ բողոքի ակցիա կազմակերպող սյունեցիներին։ Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այստեղ խնդիր չի տեսնում։ «Վարչապետը հրավիրել է իրավապահների ուշադրությունը խուլիգանական դրսևորումների նկատմամբ, ինչը ես համարում եմ անհրաժեշտություն», - նշեց Մակունցը:

Իշխանական պատգամավորներից Նազելի Բաղդասարյանն էլ նախկին իշխանություններին է մեղադրում Փաշինյանին այդպիսի ընդունելության արժանացնելու համար. «Երբ այս ամենը զուգակցվում է, շատ կներեք, երբեմն լպիրշ պահվածքով, բառապաշարով և գործողություններով, ես այստեղ շատ զուգահեռներ եմ տեսնում նախկինների հատ»:

Արդեն երկու օր է՝ իշխանության ներկայացուցիչները սյունեցիների բողոքի ակցիաները վերագրում են հայտնի շրջանակներին և այդպես էլ են նշում՝ հայտնի շրջանակներ ասելով ում նկատի ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG