Մատչելիության հղումներ

«Թոքաբորբով հիվանդ ախպորս կարմիր բերետավորները տնից հանել, գցել են ավտոն ու տարել. չգիտենք ինչի համար», պատմում է Շուռնուխի գյուղապետը


Մեղրի, Սյունիք, 21-ը ապրիլի, 2021թ.

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է վարչապետ Փաշինյանի դեմ երեկվա բողոքի ակցիաների գործով։ Նրա փաստաբան Գայանե Պապոյանն ասաց` մեղադրանք չի առաջադրվել։ Նա կասկածվում է բողոքի ակցիաները կազմակերպելու համար. «Սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, մասնավորապես չի բացատրվել պաշտպանական կողմին, թե պարոն Զաքարյանը մասնավորապես ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել նշված իրադարձությունները»:

Մեղրիի համայնքապետն այս քրեական գործը համարում է շինծու։ Ձերբակալության որոշումը փաստաբանը բողոքարկելու է. «Պարոն Զաքարյանը որևէ առնչություն չունի իրեն մեղագրված կասկածանքի հետ, ընդ որում կասկածանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3 կետերով` 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի մասին է խոսքը: Կրկնում եմ` ձերբակալման հիմք որպես այդպիսին վարույթ իրականացնող մարմինն ընդամենը հղում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի ձևական իրավական նորմին, փաստական կողմը չի բացահայտվել, որով խախտվել է կոնվենցիոն 5-րդ հոդվածով սահմանված մեր իրավունքը ձերբակալման»:

Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է երեկ՝ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներից ժամեր անց։ Քննչական կոմիտեից չեն հայտնում՝ բացի Մխիթար Զաքարյանից էլ ովքեր են այս գործով հրավիրվել։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ երեկ գիշեր կարմիր բերետավորները ներխուժել են իր եղբոր՝ Արարատ Աղաբեկյանի տուն ու նրան բերման ենթարկել։ Մեկ բառ անգամ չեն ասել՝ ինչու են տանում և որ ուղղությամբ. «Չգիտենք ինչի համար: Նորից եմ ասում, որ ցույց տան, որ կարան ևս մեկ սյունեցի, մեկ ազատամարտիկ ավելի ծնկի բերեն: Առանց հիմքի տնից հանել են, 39 աստիճան ջերմությամբ տաք, 10 օր պառկած է եղել էտ տղեն, տնից հանել են, մոր առաջ, կնոջ, քրոջ, իր 2 անչափահաս երեխու առաջ, քշել են ավտոն կարմիր գլխարկները, տարել են»:

Արարատ Աղաբեկյանին ձեռնաշղթաներով Քննչական կոմիտեում նկարել է փաստաբան Գայանե Պապոյանը։ Նրա տարածած տեսանյութում քաղաքացին ասում է՝ ջերմություն ունի, խնդրում է շտապօգնություն կանչել։ Շուռնուխի գյուղապետն ասում է՝ եղբայրն իրոք հիվանդ է եղել ու այդ վիճակում ակցիաներին մասնակցել չէր կարող. «Չի մասնակցել, 10 օր է` տղան հիվանդ պառկած է` թոքաբորբ»:
Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի ոև Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետ
իրենց տները մնացել են Ադրբեջանի տարածքում։

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն էլ է Քննչական հրավիրվել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է նրա գործընկեր, մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։ Հովսեփյանը մասնակցել է երեկվա բողոքի ակցիաներին։ Իրինա Յոլյանն ասել է՝ ապօրինի բերման են ենթարկել Քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։ Ուղարկել են նաև լուսանկարներ։

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողներին ասել է, թե երեկվանից ապօրինի բերման են ենթարկվել, առևանգվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին. «Իմ տվյալներով` 20-ից ավելի մարդ է բեման ենթարկվել և ձերբակալվել. այդ թվում` գրեթե բոլորն ապօրինի` խաբելով մարդկանց, համոզելով կամ առևանգելով տեղ-տեղ, նստացրել են մեքենաները և մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել անգամ մարզից»:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հերքում է։ Նրա տվյալներով՝ բերման ենթարկվածները 2-3 հոգի են, թե ովքեր են՝ չի ասել. «Շատ-շատ քիչ է, 2-3 հոգի, եթե չեմ սխալվում»:

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին երեկ բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել. «Այս հարցը կլուծվի, և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»:

Արդյոք վարչապետն ուժային կառույցներին բացահայտ չէր ուղղորդում պատժել իր դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներին։ Փոխոստիկանապետին հարցրել են լրագրողները։
«Եթե խոսքը վերաբերում է հանցագործության բացահայտմանը, ապա միանշանակ է, որ այստեղ պետք է ձեռնարկվեին բոլոր միջոցառումները», - պատասխանել է նա:


Իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը Սյունիքից է ընտրվել ու երեկ ուղեկցում էր վարչապետին, պնդում է՝ Փաշինյանի վարկանիշը Սյունիքում նորմալ է, բողոքի ակցիան կազմակերպված խուլիգանություն է. «Խուլիգանության փաստ է եղել, հասարակական կարգը կոպիտ, բացառիկ ցինիզմով խախտելու փաստեր են եղել, այդ փաստերով հարուցված են քրեական գործեր: Բողոքի ակցիա չկար, խուլիգանություն էր, քննությունը կպարզի (ովքեր են կազմակերպել)»:

Երեկվանից իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե սյունեցիների բողոքի ակցիան հայտնի շրջանակներն են կազմակերպել, թե ովքեր են նրանք, անուններ չեն նշում։ Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները Փաշինյանի հրաժարականն են պահանջում դեկտեմբերից՝ եռակողմ հայտարարությունից հետո, որով մարզի մի շարք համայնքների մի մասն անցավ Ադրբեջանին։ Փետրվարին Մեղրիի համայնքապետ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց համայնքային բյուջեին 3 միլիոն 692 հազար դրամի վնաս հասցնելու համար:

XS
SM
MD
LG