Մատչելիության հղումներ

Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով 23 մարդ է ձերբակալվել


Բողոքի ակցիան Մեղրիում, 21-ը ապրիլի, 2021թ․

Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով 23 քաղաքացի ձերբակալվել է, «Ազատության» հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է ապրիլի 21-ին՝ վարչապետի այցի օրը։ Այս գործով երեկ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։ Նրան մեղադրանք չեն առաջադրել, կասկածվում է ակցիան կազմակերպելու համար։

Քննչական կոմիտեից ձերբակալվածների ինքնությունը չեն հայտնում։ Լրատվամիջոցները գրել են, որ նրանց թվում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Ապրիլի 21-ին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով, պահանջել՝ հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցել են նրան, փակել ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

XS
SM
MD
LG