Մատչելիության հղումներ

Նավալնիի հետ կապված՝ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ


Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակի, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակի, արխիվ

Երեկ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ ավելի մարդկային վերաբերմունքի հասնելու համար:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչն ազատ արձակվի, և իրեն իրավունք է վերապահում «լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել» Մոսկվայի դեմ, եթե իրավիճակը, որում այժմ հայտնվել է Ռուսաստանի ամենահայտնի քաղբանտարկյալը, փոխվի դեպի վատը:

Հարցին, թե հնարավո՞ր է նոր պատժամիջոցներ կիրառվեն Մոսկվայի դեմ` կապված Նավալնիի վիճակի հնարավոր վատթարացման, չի բացառվում անգամ՝ մահվան հետ, Փսակին արձագանքել է, որ Միացյալ Նահանգներն այս ամիս արդեն մի շարք պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, և Սպիտակ տունն «իրեն իրավունք է վերապահում ապագայում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել»:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնիին շաբաթասկզբին Պոկրովի գաղութից տեղափոխել են Վլադիմիրի գաղութի հիվանդանոց։ Ընդդիմադիր գործիչը մարտի վերջից հացադուլ է հայտարարել, պահանջելով, որ իրեն այցելեն իր բժիշկները, ում վստահում է։ Պոկրովի գաղութ փետրվարին տեղափոխվելուց հետո Նավալնիի առողջությունը կտրուկ վատացել է, նա ցավեր ունի մեջքի և ոտքի շրջանում, իսկ բժիշկներն ահազանգում են, որ եթե ընդդիմադիր գործիչը չստանա նորմալ բուժօգնություն, կարող է մահանալ։

XS
SM
MD
LG