Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ նոր էսկալացիա պետք չէ», շեշտում է Ջո Բայդենը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսում է Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների մասին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 15 ապրիլի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսում է Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների մասին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 15 ապրիլի, 2021թ.

Սահմանելով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ` Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ նաև հայտարարել է, թե Ամերիկան ցանկանում է այդ երկրի հետ հաստատել կայուն և կանխատեսելի հարաբերություններ:

Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը չի ուզում առճակատման նոր փուլ, թեպետ ունի էլ ավելի ծանր պատժամիջոցներ կիրառելու լծակներ:

«Ես հստակ ասել եմ նախագահ (Վլադիմիր) Պուտինին, որ մենք կարող էինք ավելին անել, բայց ես դա չէի ցանկանում, ես նախընտրեցի համաչափ լինել, Միացյալ Նահանգներին Ռուսաստանի հետ նոր էսկալացիա պետք չէ, մենք ուզում ենք կայուն, կանխատեսելի հարաբերություններ, բայց եթե Ռուսաստանը շարունակի միջամտել մեր ընտրություններին, ես պատրաստ եմ ձեռնարկել նոր գործողություններ և պատասխանել»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Վաշինգտոնը երեկ որոշել է արտաքսել ռուսաստանցի 10 դիվանագետների, նրանք Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող և դիվանագիտական անձնագրերով պաշտպանված ռուսաստանցիներ են:

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում են հայտնվել շուրջ երեք տասնյակ պաշտոնյաններ և վեց ընկերություններ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների, մասնավորապես, ՌԴ Արտաքին հետախուզության պատվերով ընտրություններին միջամտելու համար կիբերհարձակումներ են կատարել: Նման հարձակման թիրախներից մեկը SolarWinds ընկերությունն է, որն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և իրականացնում է պետական ու մասնավոր հիմնարկների համակարգչային ցանցի ծրագրային ապահովումը:

Վաշինգտոնը նաև տնտեսական պատժամիջոց է կիրառում՝ հետայսու ամերիկյան ֆինանսական հաստատությունները չեն կարող ձեռք բերել Ռուսաստանի պետական պարտատոմսեր, ինչը, վստահ, կխրթնեցնի ռուսական ֆինանսական շուկայով հետաքրքրված ներդրողներին:

Սպիտակ տունը հայտարարել է, թե Կրեմլին հղում է հստակ ուղերձ առ այն, որ եթե ռուսական կողմը միջազգային ասպարեզում շարունակի ապակայունացնող գործողությունները, կենթարկվի ռազմավարական և տնտեսական էլ ավելի ցավոտ պատժամիջոցների:

Բայդենը դեռ անցած տարեվերջին է ասել, որ Ռուսաստանը թանկ գին է վճարելու ամերիկյան դեմոկրատական գործընթացներին միջամտելու և պառակտումներ սերմանելու համար:

Ըստ ամերիկյան հետախուզության, ռուսներն անցյալ տարի փորձել են վարկաբեկել նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին և նպաստել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրմանը: Բացի այդ, ռուսները մի շարք տգեղ գործողություններ են կատարել, մասնավորապես, թալիբներին դրամական պարգևներ են փոխանցել Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների և նրանց արևմտյան դաշնակիցների վրա հարձակվելու համար:

Եվ այնուամենայնիվ, Բայդենը նկատել է տալիս, որ առճակատման դադարեցումը բխում է երկու գերտերությունների շահերից:

«Եկել է դեէսկալացիայի (լարվածությունը թուլացնելու) ժամանակը, առաջ գնալու ճանապարհը երկխոսությունն է և դիվանագիտական գործընթացը: Ամերիկան պատրաստ է լինել կառուցողական և շարժվել այդ ճանապարհով: Ահա մոտեցումս ըստ էության, այնտեղ, որտեղ մեր շահերից բխում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ մենք պետք է համագործակցենք և կհամագործակցենք: Բայց եթե Ռուսաստանը փորձի վնաս հասցնել մեր շահերին, մենք կպատասխանենք: Մենք մշտապես կպաշտպանենք մեր երկիրը, մեր դեմոկրատական հաստատությունները, մեր ժողովրդին և մեր դաշնակիցներին»,- ասել է Բայդենը:

Պատժամիջոցներ սահմանելուց ընդամենը երկու օր առաջ՝ ապրիլի 13-ին, Բայդենը զանգահարել է Պուտինին և առաջարկել է հանդիպել երրորդ երկրում ու քննարկել երկկողմ հարաբերությունների առավել բարդ հարցերը:

Երեկ Մոսկվան հայտարարել է, թե ամենամոտ ապագայում պատժամիջոցներին անպայման կտա համարժեք պատասխան:

«Վաշինգտոնում պետք է գիտակցեն, որ ստիպված կլինեն վճարել երկկողմ հարաբերությունների դեգրադացիայի համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Մոսկվան, սակայն, չի ակնարկել, թե պատժամիջոցների կապակցությամբ կարող է հրաժարվել երկու նախագահների հանդիպման նախնական պայմանավորվածությունից:

Երկու գերտերությունների ղեկավարների հնարավոր հանդիպմանն այսօր անդրադարձել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը ստացել է (ԱՄՆ նախագահի) առաջարկը, բնականաբար, այն վերլուծելու համար համար ինչ-որ ժամանակ կպահանջվի, պետության ղեկավարի պատասխանը կտրվի այն եղանակով և այն ժամանակ, որը կընտրի նախագահը»,- ասել է խոսնակը:

XS
SM
MD
LG