Մատչելիության հղումներ

Չնայած նախնական պայմանավորվածություններին՝ բժիշկներին այսօր էլ չի հաջողվել այցելել Նավալնիին


Ալեքսեյ Նավալնիի բժիշկներին, չնայած նախնական պայմանավորվածություններին, այսօր էլ չի հաջողվել այցելել ընդդիմադիր գործչին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին պատմել է բժիշկ Յարոսլավ Աշիխմինը՝ սրա հետ մեկտեղ հավելելով, թե հույս կա, որ այսօր Նավալնիի բժիշկներին կընդունի Վլադիմիրի գաղութի պետը:

Հիշեցնենք՝ Նավալնիին նախօրեին Պոկրովի գաղութից տեղափոխել էին Վլադիմիրի գաղութի հիվանդանոց։ Ընդդիմադիր գործիչը մարտի վերջից հացադուլ է հայտարարել, պահանջելով, որ իրեն այցելեն իր բժիշկները, ում նա վստահում է։ Պոկրովի գաղութ փետրվարին տեղափոխվելուց հետո Նավալնիի առողջությունը կտրուկ վատացել է, նա ցավեր ունի մեջքի և ոտքի շրջանում, իսկ այսօր նրա բժիշկներն ահազանգում են, որ եթե ընդդիմադիր գործիչը չստանա նորմալ բուժօգնություն, կարող է մահանալ։ Բժիշկների խոսքով՝ սրա մասին են վկայում նաև Պոկրովի գաղութում արած Նավալնիի հետազոտությունների արդյունքները։

Ալեքսեյ Նավալնիի աջակցիները կիրակի օրը հայտարարել են, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կրիտիկական է և արդեն հնարավոր չէ սպասել ու կոչ են արել նրա աջակցիներին ապրիլի 21-ին դուրս գալ չարտոնված միտինգների՝ իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ։ Ռուսաստանի իշխանությունները զգուշացնում են, որ վաղը կայանալիք ակցիաները արտոնված չեն և կոչ են անում ռուսաստանցիներին չմասնակցել դրանց։ Վաղը կեսօրին նաև սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ուղերձը Դաշնային ժողովին:

Մոսկվայի ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշված է, որ վաղը կայանալիք ակցիաները անօրինական են։ Փորձագետները, սակայն, համարում են, որ չնայած վախի մթնոլորտին, ապրիլի 21-ի ակցիաները, ամենայն հավանականությամբ, մարդաշատ են լինելու, իսկ իրավապահ մարմիններն էլ ավանդույթի համաձայն կոշտ են գործելու։

Արևմուտքը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին թույլ տալ բժիշկներին այցելել Նավալնուն և ազատ թողնել նրան։ Նման կոչով ռուսաստանցի իշխանություններին դիմել են հարյուրավոր բժիշկներ, արվեստի գործիչներ։

Նավալնին և նրա շուրջ ընթացող զարգացումներն ակտիվ քննարկվում են ռուսական համացանցում։ Լիբերալ հայացքներ ունեցող ռուսաստանցիների մի մասը համարում է, որ անիմաստ է դուրս գալ ապրիլի 21-ին փողոց, երբ վստահ ես, որ քեզ բերման կենթարկեն, կձերբակալեն, քո դեմ քրեական գործ կհարուցեն։

Փաստաբան Իլյա Նովիկովը հակառակն է ասում. նրա խոսքով՝ ապրիլի 21-ին կայանալիք բողոքի ակցիաները քաղաքական չեն: «Կան հարյուր հազարավոր մարդիկ, որ չեն ուզում, որպեսզի Նավալնիին սպանեն գաղութում, և նրանք ապրիլի 21-ին դուրս են գալու փողոց այս մասին հայտարարելու համար: Սրանք արդեն քաղաքական ակցիաներ չեն, մարդու կյանքի համար ակցիաներ են», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասում է Նովիկովը։

Հավելենք՝ Մոսկվայի դատախազությունը մտադիր է հասնել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի և Ալեքսեյ Նավալնիի շտաբների փակմանը: Ինչպես պնդում է վերահսկիչ պալատի գերատեսչությունը, Նավալնիի թիմակիցները Արևմուտքի պատվերով գունավոր հեղափոխություն են պատրաստում, այդ հիմքով կազմակերպությունները ուզում են ճանաչել ծայրահեղական: Մոսկվայի դատախազությունը ցանկանում է դատարանի միջոցով արգելել կազմակերպությունների աշխատանքը:

Վերահսկիչ գերատեսչությունում պնդում են, որ նյութերը համոզիչ կերպով ապացուցում են, որ այդ կառույցներն ապակայունացնում են երկրի հասարակական-քաղաքական իրավիճակը, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կոչեր են անում և փորձում են դրանցում ներգրավել նաև անչափահասների:

Մոսկվայի քաղաքային դատարանը հայտնել է, որ Նավալնիի կազմակերպությունների հետ կապված նյութերն ունեն գաղտնի կնիք, նախնական լսումները տեղի կունենան հաջորդ շաբաթվա սկզբին: Նավալնիի համախոհները գործը քաղաքական են համարում

Փորձագետները նկատում են, որ Ռուսաստանի իշխանությունների Նավալնու և նրա թիմակիցների նկատմամբ այսչափ կոշտ դիրքորոշումը թելադրված է մեծամասամբ այս տարի սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններով։ Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը չունի բարձր վարկանիշ, իսկ Նավալնու շտաբերը կարող են լուրջ գլխացավանք դառնալ իշխանությունների համար ընտրությունների ժամանակ։

Հիշեցնենք՝ Նավալնիի կոռուպցիայի դեմ հիմնադրամը գործում է տասը տարի: Այս տարվա հունվարին Նավալնիի թիմակիցները Youtube-ում հրապարակել էին «Պուտինի պալատը» ֆիլմը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Պուտինի մտերիմ բարեկամ մեծահարուստ Արկադի Ռոտենբերգը նույնիսկ ստիպված է եղել հայտարարել, թե Սև ծովի ափին կառուցվող դղյակն իրեն է պատկանում։

XS
SM
MD
LG