Մատչելիության հղումներ

Վրաստանում ոստիկանությունը ձերբակալեց Նիկա Մելիային՝ գրոհելով Ազգային միացյալ շարժման գրասենյակը


Վրաստան - Ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային, Թբիլիսի, 23-ը փետրվարի, 2021թ․

Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում հաստատումից 12 ժամ չանցած վրացական ոստիկանությունը դիմեց այն քայլին, որի կատարումից խուսափելու համար նախորդ շաբաթավերջին հրաժարական էր ներկայացրել Գիորգի Գախարիան։ Այսօր վաղ առավոտյան վրացական ոստիկանությունը գրոհեց երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ազգային միացյալ շարժման գրասենյակը։

Ոստիկանական գրոհը կազմակերպված էր հակաահաբեկչական պայքարի բոլոր կանոններին համապատասխան։ Հատուկ ջոկատայինները հրշեջ մեքենայի վրա տեղադրված աստիճանով բարձրացան կուսակցական գրասենյակի տանիքին, ինչից հետո սկսեցին ձերբակալել և դուրս մղել շենքում բարիկադավորված ակտիվիստներին։

Ոստիկանական գործողության նպատակը Ազգային միացյալ շարժման ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալությունն էր։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նախորդ շաբաթ բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ գրավի փոխարեն Մելիայի խափանման միջոց որպես սահմանելով ազատազրկումը։ Հիշեցնենք, որ Նիկա Մելիան մեղավոր էր ճանաչվել 2019-ի ամռանը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված զանգվածային անկարգությունների գործով։

Ինքը Մելիան, սակայն, հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը և նախորդ շաբաթավերջից տասնյակ կողմնակիցների հետ միասին բարիկադավորվել էր Ազգային միացյալ շարժման գրասենյակում։ Այսօր առավոտյան տեղի ունեցած ոստիկական գործողության արդյունքում թե՛ Մելիան և թե՛ նրա երկու տասնյակ կողմնակիցները բերման ենթարկվեցին։ Կուսակցության շենքում տեղի ունեցած բախումների հետևանքով, ըստ Վրաստանի առողջապահության նախարարության,15 մարդ թեթև, երկու հոգի էլ՝ միջին կարգի վնասվածքներ են ստացել։

Նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս գործողությունը վկայում է վրացական պետականության ամրության մասին։

«Այսօր մենք տեսանք, որ ուժեղ և իրավական պետություն ունենք։ Մենք ուժեղ ոստիկանություն և արդյունավետ աշխատող ներքին գործերի նախարար ունենք։ Ես ցանկանում եմ ողջ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանության ողջ անձնակազմին՝ երկրի կայունությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսօր ձերբակալված ընդդիմության առաջնորդը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել։ «Նիկա Մելիան հանցագործ է», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Վրացական ընդդիմության մյուս առաջնորդները, մինչդեռ, վստահ են՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և դրա հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դեռ բազմիցս զղջալու են այսօրվա իրադարձությունների համար։

«Անձամբ ես բազմաթիվ մարդկանց և նախևառաջ Իվանիշվիլիին խոստանում եմ՝ այսօրվա օրը շրջադարձային է լինելու։ Այսօր Իվանիշվիլին դրեց իր վերջակետը: Նա այլևս չի կարող ապրել այս երկրում։ Նա այս երկրում այլևս տեղ չունի», - ոստիկանական գրոհի ավարտից անմիջապես հետո հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար անդամ Գիգի Ուգուլավան։

Առավոտյան իրադարձություններին արագ արձագանքեցին նաև Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դիվանագետները։

Միացյալ Նահանգների դեսպանատան հրապարակած հայտարարության մեջ մասնավորաբար նշված է․ - «Եվրատլանտյան ժողովուրդների ընտանիքում Ժողովրդավարության ամրապնդման գործում Վրաստանն այսօր հետքայլ կատարեց»։

«Ազգային միացյալ շարժման գրասենյակում այսօր առավոտյան տեղի ունեցածը ցնցել է ինձ։ Բռնությունն ու քաոսը Թբիլիսիում այսօր Վրաստանին բացարձակապես պետք չեն», - Twitter-ում գրել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։

Արևմտյան դիվանագետների այս կոչերի ֆոնին, վրացական ընդդիմության կողմնակիցներն այս րոպեներին հավաքվում են վարչապետի նստավայրի առջև՝ իրենց հետագա անելիքները հստակեցնելու նպատակով։ Կառավարության շենքի առջև, ըստ տեղական աղբյուրների, նաև ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումներ են տեղակայված։


XS
SM
MD
LG