Մատչելիության հղումներ

Եթե Օնիկ Գասպարյանի հայտարարությունը սուտ էր, ինչո՞ւ էր Փաշինյանը վեց ամիս լռում


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը պահանջում է, որ վարչապետ Փաշինյանը հրապարակի Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը և ապացուցի, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի առաջարկել դադարեցնել պատերազմը։

«Քանի որ վարչապետը ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությանը հղում արել, հետևաբար վարչապետը ինքն էլ պետք է ապացուցի հրապարակայնորեն, որ ինքն է ճիշտ ասում և ոչ թե գերենալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը», - ասաց Մարուքյանը։

Գասպարյանը նոյեմբերի 17-ին էր հայտարարել, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է հայկական կոմիղ կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

Այս հայտարարոթյունից մեկ ամիս անց «Ազատությանը» տված հարցազրույցում Փաշինյանը չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման առաջարկ է արել։ Արձագանքելով հարցին, թե ինչու չեն կանգնեցրել պատերազմը՝ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ հետևություններ են արել․ - «Մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել։ Միջոցներ ենք ձեռնարկել սպառազինությունը մեր համալրելու ուղղությամբ»։

Փաստորեն, այս հարցազրույցից չորս ամիս անց միայն Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հերքեց Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությունը․ - «Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի»։

Վարչապետի հերքումը ոչ թե թեման փակեց, այլ մի շարք հարցերի տեղիք տվեց։ Եթե Գլխավոր շտաբի պետը ստել է, ինչո՞ւ է դրանից հետո շարունակել պաշտոնավարել։ Եվ ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ որոշեց հերքել իր իսկ հաստատած տեղեկությունը միայն այն բանից հետո, երբ Գասպարյանը վարչախպետի հաժարականը պահանջելու պատճառով այլևս պաշտոնի չէր։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, Փաշինյանը մինչև ընտրությունները փորձում է զոհերի ու պարտության ամբողջ մեղքերը բարդել արդեն նախկին պաշտոնաթող գեներալի ուսերին․ - «Պարոն Փաշինյան, եթե Օնիկ Գասպարյանը, ըստ Ձեզ, ստել է, և Անվտանգության խորհրդի նիստում նման հայտարարություն չի արել, ապա ամիս ու կես առաջ և շատ ավելի վաղ, երբ Օնիկ Գասպարյանը ասեց, որ դեռևս չորրորդ օրը պատերազմի ասել է Անվտանգության խորհրդի նիստում, հարց՝ ինչո՞ւ Դուք լռեցիք և ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը չենթարկվեց այն ժամանակ պատասխանատվության կեղծ հայտարարության համար»։

Ավելի ուշ Փաշինյանը պատգամավոր Մարուքյանին առաջարկել էր անձամբ ծանոթանալ իր պնդումը փաստող ձայնագրությանը, այդ իրավունքը պատգամավորն ունի։

«Ոչ։ Որ ուզենամ, կգնամ կծանոթանամ։ Որովհետև որ ծանոթանամ, ի՞նչ եմ Ձեզ ասելու։ Ոչ մի բան։ Ինձ պետք է հանրության ներկայացնեն, ես էլ որպես հանրության մի մասնիկ տեսնեմ ի՞նքն է ճիշտ ասում, թե՞ Օնիկ Գասպարյանը», - այսօր ասաց Մարուքյանը։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ կրկին վերահաստատել էր իր հայտարարությունը՝ ասելով, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանության համար ցանկալի տարբերակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG