Մատչելիության հղումներ

ԱԽ-ն սեպտեմբերի 30-ի նիստի նաև ձայնագրություն է հրապարակել


Անվտանգության խորհուրդն (ԱԽ) այսօր նաև ձայնագրություն է հրապարակել, որպես հաստատում վարչապետի հայտարարության, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել, թե դրությունը վատ է և պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։

«Պարոն վարչապետ, իրադրությունը մարտական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք։ Իրավիճակը էս ա, շարունակում ենք խնդիրը կատարել և շարունակելու ենք կատարել», - ձայնագրությունում զեկուցում է Օնիկ Գասպարյանը։

Հիշեցնենք՝ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար։

Այս հայտարարությունից մեկ ամիս անց «Ազատության»-ը տված հարցազրույցում Փաշինյանը չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման առաջարկ է արել։ Սակայն օրերս վարչապետը խորհրդարանի ամբիոնից հերքեց Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությունը․ - «Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի»։

Հաջորդ օրն էլ Անվտանգության խորհրդի գրասենյակը Գասպարյանի որոշ պնդումների վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց՝ հրապարակելով փաստաթղթերի գաղտնազերծված հատվածներ:

XS
SM
MD
LG