Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ն Ալիևի ելույթներից որոշ մեջբերումներ կուղարկի միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կառույցներին


Առհասարակ, Ադրբեջանի նախագահի երեկվա «պուրակի» բացմանը և այսօրվա ելույթներն ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության ու թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականության ապացույց են, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթներից որոշ մեջբերումներ ներկայում թարգմանվում են, համապատասխան ընդգծումներով կուղարկվեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան միջպետական կառույցներին, ինչպես նաև կօգտագործվեն Պաշտպանի վերլուծություններում և իրավապաշտպան առաջարկներում:

Ըստ Թաթոյանի՝ Ալիևի ելույթներում անընդհատ ընդգծվում է Ադրբեջանի ժողովրդի առավելությունները (բարոյականություն, մտավոր կարողություններ և այլն) Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ՝ ի հաշիվ արժանապատվության հրապարակային նվաստացման և պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Թաթոյանի համոզմամբ, սրանք են հենց ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների հիմքում ընկած ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերը:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, Թաթոյանը հատուկ ընդգծել է՝ Հայաստանի որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Թաթոյանը Ալիևի ելույթներից հատվածներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև․

Մեջբերումներ երեկվա ելույթից (ք.Բաքու, 12 ապրիլ, 2021թ.)` «Մենք աշխարհում ներկայացել ենք` որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ, Հայաստանը պարտված երկիր է, մեր առջև ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը ծռած երկիր է, և միշտ այդպես կլինի»:

Մեջբերումներ այսօրվա ելույթից՝ «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը ADA համալսարան (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.). «Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչև դա այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևանա լիճ։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում նաև Իրևանին (Երևանին)։ Նրանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։ Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք»։

XS
SM
MD
LG