Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգի գլխավորը հարցը պետք է լինի գերիների վերադարձը


Ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահին։ Օրակարգն արդեն հստակ է, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հարցերի լայն շրջանակ է հիշատակում, որ պետք է քննարկվեն բանակցությունների ընթացքում։

«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող մի շարք կարևոր ռազմավարական նշանակության հարցեր, մասնավորապես, առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն և այլն: Վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք կապված են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին», - նշեց Գևորգյանը:

Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացնում է քննարկվելիք հարցերի շրջանակը:

«Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցին ուղղված քայլերին և ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր։ Կդիտարկվեն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական ու տրասնպորտային կապերի վերականգնման կոնտեքստում», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի տեսանկյունից այս հանդիպման օրակարգի գլխավորը հարցը պետք է լինի գերիների վերադարձը, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Այս իմաստով նաև այդ հարցը քաղաքական որևէ այլ պայմանի հետ չկապելու խնդիրը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է այս հարցը դարձնել քաղաքական խաղաքարտ: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բավական հարաբերական և անորոշ է, որովհետև Ռուսաստանը մի կողմից պատասխանատու է այդ հարցի լուծման համար որպես եռակողմ համաձայնություն կոչված այդ գործընթացի հովանի: Մյուսի կողմից մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բավական դժկամությամբ է արտահայտվում այդ թեմայի շուրջ: Այսինքն այս բարդ համատեքստն է այս խնդրի շուրջ», - ասաց Բադալյանը:

Նախատեսվող բանակցություններից առաջ Ադրբեջանից շարունակ հայտարարություններ են հնչում Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին, ապա Թուրքիային կապող ուղիների բացման կարևորության մասին։ Բադալյանի կարծիքով՝ Բաքվից հնչող այս հայտարությունները առաջին հերթին քաղաքական քարոզչական նպատակներ ունեն, և Հայաստանը չպետք է թույլ տա, որ կոմունիկացիաների բացումը Ադրբեջանի ճնշման ներքո կապվի գերիների վերադարձի խնդրին։

«Այս հարցերում Հայաստանը որևէ որոշման չպետք է գնա, եթե լուծված չէ ռազմագերիների հարցը: Ի վերջո եթե գանք այդ եռակողմ հայտարարության հաջորդականությամբ, խոսքը վերաբերում է 8-րդ կոտին, և միայն 9-րդ կետով է խոսվում հաղորդուղիների ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցության մասին», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը տնտեսական նշանակության հարց չէ Ադրբեջանի համար, համաձայն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա նկատում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ցամաքային կապի առնվազն 2 այլ ճանապարհ ունի՝ Իրանով և Վրաստանով։

«Դա քաղաքական նախագիծ է, Ադրբեջանը և Թուրքիան պնդում են, որ այն իրականացվի, իսկ Հայաստանի շահերն այլ են։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է որպես խաղաքարտ ինչպես սեփական քաղաքական խոհանոցում, այնպես էլ Հայաստանի հետ առևտրի հարցում», - ասաց Իսկանդարյանը։

Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվարչապետերի մակարդակով զուգահեռ քննարկվում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, հնարավո՞ր է այս առումով արագ ու անակնկալ զարգացումներ տեղի ունենան։ Իսկանդարյանը վստահ է, որ ոչ, հատկապես որովհետև Հայաստանում սպասվում են ընտրություններ և իշխանությունները չեն ցանկանա ընտրություններից առաջ փաստ առաջ կանգնեցնել Հայաստանի ժողովրդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG