Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի մեկնաբանները «տարօրինակ» են որակում «Իսկանդեր»-ների պատմությունը


Շուշիում Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության հայտնաբերած հրթիռի բեկորները, ապրիլ, 2021թ․

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ապրիլի 3-ին ռադիոկայանի եթերում անդրադարձել է Շուշիում հայտնաբերված ենթադրյալ «Իսկանդեր»-ների թեմային։

Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, հիշեցնենք, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե տեղեկություն չունի՝ արդյո՞ք զինվորականները նախագահ Վլադիմիր Պուտինին ինչ-որ բան են զեկուցել Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ Ղարաբաղում «Իսկանդեր»-ի օգտագործման հետքեր են հայտնաբերվել։ Պեսկովը միաժամանակ կրկնել է ավելի վաղ ռուսական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ներ Ղարաբաղյան պատերազմում չեն կիրառվել»։

Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը, մինչդեռ, ավելի վաղ հայտարարել էր, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդներ։
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, թե «համալիրների կիրառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։

Փետրվարին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե «Իսկանդեր»-ները օգտագործվել են, սակայն պայթել են միայն 10 տոկոսով։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Ռուսաստանում․ երկրի պաշտպանության նախարարությունն այն հերքել էր՝ ասելով, թե պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ներ չեն կիրառվել։ Նույնն էր ասել նաև Ադրբեջանի նախագահը։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե իրականում չեն կիրառվել, պարզապես Նիկոլ Փաշինյանին սխալ էին զեկուցել։

Հիմա այս պատմությունն անսպասելի շարունակություն ունեցավ։ Վենեդիկտովն իր եթերում ասում է, թե «Իսկանդեր»-ների հետ կապված պատմությունը տարօրինակ պատմություն է․ - «Նախ, հիշեցնեմ, որ երբ Փաշինյանը խոսում էր «Իսկանդեր»-ների մասին, նրան բոլորը ծաղրեցին, հատկապես Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Պուտինն ասում է, իսկ Պեսկովը՝ կրկնում. - «Իսկանդեր»-ները չեն կիրառվել» ։ Խնդիրն այն է, որ այդ «Իսկանդեր»-ների վրա պահպանված մակնշումը ցույց է տալիս, որ դա արտահանման տարբերակ չէ՝ դա այն «Իսկանդեր»-ները չեն, որ վաճառվել են Հայաստանին և որևէ մեկին։ 9M723 նշումով «Իսկանդեր»-ներ ունեն միայն ռուսական զինված ուժերը»։

Ռազմական հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը նույնպես «Ազատությանը» տված մեկնաբանությունում ասում է, որ սա շատ տարօրինակ պատմություն է, և ընդհանրապես հարցականի տակ է դնում, որ Հայաստանին ժամանակին վաճառել են «Իսկանդեր»-ների էքսպորտային տարբերակ։ Մյուս կողմից էլ, ասում է, և՛ ռուսական, և՛ ամերիկյան հետախուզությունները շատ լավ գիտեն, թե ինչ հրթիռներ և ինչ քանակով են կիրառվել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ․ - «Իհարկե, և՛ մերոնք, և՛ ամերիկացիները գիտեն, թե ինչ հրթիռներ են արձակվել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ով ինքան և ինչ է արձակել։ Այլ բան է, որ այդ մասին գերադասում են չխոսել։ Պատերազմի ժամանակ հրթիռներ են կիրառել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը, ընդ որում ադրբեջանական կողմը՝ շատ արդյունավետ»։

Ինչ վերաբերում է «Իսկանդեր»-ներին, Ֆելգենգաուերը չի կարող հստակ ասել, թե ինչ կտորներ են հայտնաբերել ադրբեջանցիները, որտեղից են դրանք արձակվել, որտեղից են հայտնվել հայկական կողմում այդ հրթիռները, որոնք նախատեսված չեն վաճառքի համար․ - «Եթե Ռուսաստանը Հայաստանին է տվել վաճառքի համար չնախատեսված «Իսկանդեր M» հրթիռներ, ուրեմն` խախտել է ստանձնած միջազգային պարտավորությունները (չի կարելի վաճառել այլ երկրի հրթիռներ, որոնց հեռահարությունը ավելին է, քան 300 կիլոմետրը)»։ Ռուսաստանցի փորձագետը, սակայն, հավելում է, թե Կրեմլը, իհարկե, ամեն ինչ կհերքի, ու բացի այդ՝ որևէ լուրջ խնդիրներ այս պատմությունը Ռուսաստանի համար չի ստեղծի։

Վենեդիկտովը հակառակն է ասում. - «Պարդոն, իսկ ինչպե՞ս են ռուսական «Իսկանդեր»-ները՝ 9M723 մակնշմամբ, ընկել ու չեն պայթել։ Սա մեծ հարց է։ Ճիշտ է, հիմա կարելի է ինչ ասես հորինել։ Բայց Գյումրիից, որտեղ պահվում են Ռուսաստանից գնված «Իսկանդեր»-ները, հրթիռներ չեն արձակվել։ Կարծում եմ, որ սրա համար պետք է պատասխան տան զինվորականները՝ Պուտինին, Պուտինն էլ՝ Ալիևին։ Սա լուրջ պատմություն է»։

Հավելենք՝ ապրիլի 7-ին Մոսկվա է ժամանում Հայաստանի վարչապետը, այստեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ։

Հիշեցնենք նաև, որ պատերազմի ժամանակ Հայաստանում շատերն էին բողոքում, որ Ռուսաստանը պատշաճ ձևով չի օգնում իր ռազմավարական դաշնակցին, իսկ Մոսկվայում էլ փորձագետներն ահազանգում էին, որ շատ դժվար է պայմանավորվել Վրաստանի կամ Իրանի հետ՝ այդ երկրների օդային տարածքով Հայաստան զենք ու սպառազինություն տեղափոխելու համար։ Բաքուն էլ բողոքում էր, որ Հայաստան ապօրինի ձևով զենք է տեղափոխվում։

2016 թվականին Հայաստանն այլ պետությունների շարքում առաջինն ու միակն է դեռ ստացել «Իսկանդեր» համալիրների 4 հրթիռային կայանքներ, որոնք նույն տարվա սեպտեմբերին Երևանում ցուցադրվել են Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG