Մատչելիության հղումներ

Փաշինյանը եկել է եզրակացության, որ «Իսկանդերների» կիրառման մասին իրեն ճիշտ չի զեկուցվել, հայտարարել է խոսնակը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Իսկանդերների» մասին Հայաստանի վարչապետի օրեր առաջ արած հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Մոսկվայում: Այսօր Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել», - ասել է Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք` նույն այս ձևակերպումն էր ավելի վաղ օգտագործել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը` հայտարարելով, թե ՀՀ վարչապետին մոլորության մեջ են գցել, և իրականում պատերազմի ժամանակ «Իսկանդերներ» չեն օգտագործվել:

«Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Փաշինյանի խոսնակը:

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվեց», - այսօր ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե հայաստանյան զարգացումները Հայաստանի ներքին գործն են, գոնե մինչ այս պահը այդպես է եղել: Մինչդեռ Կրեմլի ամբողջական վերահսկողության տակ գտնվող դաշնային հեռուստաընկերությունները ռուսական «Իսկանդերների» մասին հայտարարությունից հետո խախտել են չեզոքությունը և մեղմ ասած` քննադատում են Հայաստանի իշխանություններին: Ռուսական դաշնային հեռուստաալիքները երեկ իրենց լրատվական ամփոփիչ ծրագրերում ծավալուն ռեպորտաժներով անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին` թե Առաջին ալիքը, թե Ռոսիա 24-ը շեշտում են, որ հայաստանյան այսօրվա խորը ճգնաժամի հիմքում ռուսական «Իսկանդերների» մասին երկրի վարչապետի հայտարարությունն է:

«Պետք է շատ տարօրինակ երևակայություն ունենալ` ասելու, թե այս հրթիռների արդյունավետությունը 10 տոկոս է: Սա ի՞նչ է նշանակում` այն թռչել է միայն 10 տոկոսո՞վ», - հեգնում է Առաջին ՀԸ-ի մեկնաբանը` հավելելով, թե նման հայտարարությունը խորը զարմանք է առաջացնում, և խոսքը ոչ թե այն մասին է, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է առողջ մտածելակերպ ունենա, այլ այն մասին, որ պետք է գոնե տիրապետեր դպրոցում անցած մաթեմատիկա առարկային:

Նույն տրամաբանությամբ էր նաև Ռոսիա 24-ի ռեպորտաժը:

Հայաստանյան ճգնաժամին անդրադարձել է նաև ռուսական մամուլը: Ռուսաստանցի լրագրողները նկատում են, որ Երևանում ընթացող թե իշխանության, թե ընդդիմության կազմակերպած փողոցային ակցիաները մարդաշատ են, և հանգուցալուծումը հնարավոր չէ այս պահին կանխատեսել:

«Կոմերսանտը», սակայն, գրում է. «Հիմա Նիկոլ Փաշինյանը, ում ռեյտինգը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի համար պարտված պատերազմի հետո, հույս ունի, որ փողոցը կերկարաձգի իր կյանքն իշխանության և քաղաքականության մեջ: Դա կարող է աշխատել այն պայմաններում, եթե վարչապետի ընդդիմախոսները չկարողանան փողոցային զանգվածով ճնշում գործադրել նրա վրա: Ընդդիմության հանրահավաքներն առայժմ սակավաթիվ են, ուստի իշխանության համար սպառնալիք չեն ներկայացնում»:

Ռուսական պարբերականը մեջբերում է Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանը չի սպառել քաղաքական գոյատևման բոլոր հնարավորությունները: Փորձագետը չի բացառել, որ արտահերթ ընտրությունների դեպքում քաղաքական գործիչը նույնիսկ կարող է վերադառնալ իշխանության: «Կոմերսանտը», մասնավորապես, գրում է, թե իշխանության աջակցության մակարդակն այսօր կազմում է մոտ 30 տոկոս, և հավաքելով 30 տոկոս` կարելի է մեծամասնություն կազմել խորհրդարանում: «Սա բացառված չէ», - մեջբերում է հայաստանցի փորձագետի խոսքերը «Կոմսերանտը»:

Հավելենք, որ ռուսական թե դաշնային, թե Կրեմլից անկախ լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են հայաստանյան իրադարձությունները, նույնիսկ ուղիղ եթերում ցույց տալիս բոլոր երթերը, որ անցնում են այս օրերին Երևանում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG