Մատչելիության հղումներ

Տարաբնույթ տեղեկատվություն Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին. Պեսկովը կրկնել է Կրեմլի տեքստը


Ռուսաստանի նախագահն այսօր Լեռնային Ղարաբաղին վերաբերող Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացրել, որին մասնակցել են նաև վարչապետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, Դաշնության խորհրդի խոսնակը:

«Մենք այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ իրավիճակը, ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, և ինչպես է ընթանում այս հարցով համագործակցությունը միջազգային և արտասահմանյան մեր գործընկերների հետ», - նիստը բացելիս ասել է Վլադիմիր Պուտինը:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ստիպված է եղել նորից անդրադառնալ Պուտին-Փաշինյան երեկվա հեռախոսազրույցին այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետի աշխատակազմը տարածել էր հաղորդագրություն, թե այդ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին:

«Եթե դուք ուշադիր հետևում էիք այն տեքստին, որը հրապարակվել էր մեր կողմից, ապա հավանաբար հնարավորություն ունեցաք այնտեղ կարդալ այն արտահայտությունը, թե Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակներում խնդրի կարգավորմանը: Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի է ունեցել: Սա շատ կարևոր արտահայտություն է», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Այս կերպ նա մեկնաբանել է Հայաստանի կառավարության կայքում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե զրույցում Ռուսաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, թե Կրեմլի հաղորդագրության մեջ երկու առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքում տրվել է բավականին ամբողջական ձևակերպում:

Հայաստանի վարչապետը երեկ երեկոյան զանգել է Ռուսաստանի նախագահին: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Պուտինը կողմ էր հանդես եկել երկրում կարգուկանոնի և հանգստության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին: Ռուսական պետության ղեկավարը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին: Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում գրված էր. «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»: Կրեմլի կայքում նման բան չկա, և այսօր էլ Պեսկովը նման բան չասաց:

Հավելենք` պաշտոնական Մոսկվան պատերազմի ավարտից անմիջապես հետո հայտարարել էր, որ Հայաստանը պետք է կատարի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի դրույթներն անկախ ամեն ինչից: Այսօր Պեսկովը ևս մեկ անգամ անդրադարձավ այս թեմային: Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում սպառնալիք տեսնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խափանման համար` Երևանում տիրող իրավիճակի պատճառով, Պեսկովն ասել էր. «Ոչ, դեռ ամեն ինչ իրականացվում է...չնայած հայաստանյան իրադարձություններին` կարևոր է պահպանել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները»:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ՀՀ-ի ներքին գործն է` հաստատելով դեռևս երեկ պաշտոնական Մոսկվայի հնչեցրած այս դիրքորոշումը: Նա այսօր հրաժարվել է պատասխանել գերիների վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին հարցին: Ասել է, թե այս հարցով պետք է դիմել ռուս խաղաղապահներին. «Դա նրանց իրավասության շրջանակներում է»:

Ալիևն այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե «Ադրբեջանում չկան հայ գերիներ, կան միայն դիվերսանտներ»: Հայկական կողմի տվյալներով, սակայն, այսօր Ադրբեջանում կա շուրջ 200 հայ գերի, այդ թվում` կանայք:

Հիշեցնենք նաև` երեկ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև պաշտոնական Մոսկվան երեկ առաջին անգամ արձագանքել է «Իսկանդերի» մասին Փաշինյանի` աղմուկ հանած հայտարարությանը:

«Իսկանդեր» համակարգերը չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտությունում, հավանաբար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Այսօր, ի դեպ, Իլհամ Ալիևը նույնպես հայտարարել է, որ պատերազմի ժամանակ «Իսկանդերներ» հայկական կողմը չի կիրառել:

XS
SM
MD
LG