Մատչելիության հղումներ

Իրանն ու գերտերությունները վերսկսում են միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցությունները


Իրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնագրի ստորագրման արարողությունը Վիեննայում, արխիվ

Իրանի միջուկային ծրագիրը ստորագրած գերտերությունների ու Իրանի ներկայացուցիչները ապրիլի 6-ին հանդիպելու են Վիեննայում։ Այսօր այս մասին պաշտոնապես հայտարարեց Եվրամիությանը, նշելով, որ Իրանը և գերտերությունները պատրաստ են ողջունելու Միացյալ Նահանգների վերադարձը միջուկային համաձայնագրին։

Եվրոպական դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Վիեննայի առաջիկա հանդիպմանը մասնակցելու է նաև Միացյալ Նահանգների պատվիրակությունը։

Վիեննայում հանդիպելու համաձայնությունը ձեռք բերվեց այսօր անցկացված բանակցություներում։ Հեռավար հանդիմանը բացառությամբ ԱՄՆ-ի, մասնակցել են միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս հինգ գերտերությունների, Եվրամիության և Իրանի ներկայացուցիչներ։

Եվրամիության հայտարարությունում նշված է, որ այսօրվա բանակցությունների մասնակիցները ընդգծել են իրենց հավատարմությունը միջուկային համաձայնագրին և քննարկել են դրա լիարժեք ու էֆեկտիվ իրականացմանը վերադառնալու պայմանների ապահովումը։

Հայտարարությունում նշված է, որ Վիեննայի առաջիկա հանդիպմանը նախատեսվում է հստակեցնել պատժամիջոցները չեղարկելու և միջուկային խնդիրների լուծման միջոցներ, այդ թվում՝ համապատասխան փորձագետների խմբերի հանդիպումների միջոցով։ Համակարգող խումբը Վիեննայում նաև առանձին շփումներ է նախաձեռնելու միջուկային համաձայնագրի բոլոր անդամների ու ԱՄՆ-ի հետ։

Եվրամիության հայտարարությունից ժամեր առաջ, բանակցությունների մասնակիցները հայտնեցին, որ գալիք երեքշաբթի Վիեննայում հանդիպելու են քննարկելու 2015 թվականի միջուկային համաձայնագրի խնդիրները։

Թեհրանում Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին ասել է, թե միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձը որևէ բանակցություններ չի պահանջում, այդ ճանապարհը բավականին պարզ է։ «ԱՄՆ-ն կարող է վերականգնել գործարքը և դադարեցնել օրենքի խախտումները ճիշտ այնպես, ինչպես դուրս է եկել գործարքից ու անօրինական պատժամիջոցներ սահմանել Իրանի հանդեպ», - ասել է Արաքչին։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը Թվիթերում գրել է, թե ԱՄՆ-Իրան հանդիպում նախատեսված չէ, դրա կարիքը չկա։

Վիեննայում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Ռուսաստանի ներկայացուցիչ, դեսպան Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր էջում գրառում էր արել, նշելով, որ այսօրվա բանակցությունները գործնական էին ու պետք է շարունակվեն։ «Տպավորություն կա, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, բայց ճանապարհը դյուրին չի լինի և պահանջելու է ինտենսիվ ջանքեր։ Շահագրգիռ կողմերը կարծես պատրաստ են դրան», - Թվիթերում գրել է Միխայիլ Ուլյանովը։

Չնայած ԱՄՆ-ն այսօրվա հեռավար հանդիպմանը չի մասնակցել, բայց Վաշինգտոնը ողջունել էր նախաձեռնությունը, Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսն այն համարել է դրական զարգացում։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ պատրաստ ենք վերադառնալ միջուկային համաձայնագրի շրջանակներում մեր պարտավորությունների կատարմանը, եթե նույնը կանի Իրանը», - երեկվա ճեպազրույցում ընդգծեր էր Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից այսօրվա բանակցությունները վարել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Էնրիկե Մորան, և արդյունքում որոշվել է հաջորդ շաբաթվա սկզբում հանդիպել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Հենց Վիեննայում էր 2015 թվականին աշխարհի վեց գերտերությունների ու Իրանի միջև ստորագրվել միջուկային համաձայնագիրը։ Այն ենթադրում էր, որ Թեհրանը պետք է սահմանփակի միջուկային ծրագրերը, որպեսզի չկարողանա ատոմային զենք ունենալ, իսկ Արևմուտքը աստիճանաբար մեղմացնում պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս համաձայնագրից ու Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանեց։

ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել վերականգնել համաձայնագիրը, սակայն նրա վարչակազմը պնդում է, որ նախևառաջ Իրանը պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորություններին, որոնց մեծ մասից հրաժարվել էր ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների խստացման։

Իրանի պարտավորությունների մեջ է մտնում հարստացված ուրանի քանակի սահմանափակումը, իր միջուկային օբյեկտների ստուգումները միջազգային մասնագիտական կազմակերպության կողմից։ Սակայն Թեհրանը վերսկսել էր ուրանի հարստացման գործընթացը, իսկ անցած փետրվարից սահմանափակեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումները։

«Ռոյթերզ»-ը հայտնում է, որ իր ձեռք տակ կա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կոնֆիդենցիալ զեկույցը, ըստ որի Իրանը Նավթանզի ստորգետնյա գործարանում հարստացված ուրանի քանակը ավելացում է օգտագործելով նորագույն երկու մեքենաներ։

XS
SM
MD
LG