Մատչելիության հղումներ

ԼՂ իշխանության օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Մարտունու շրջան աշխատանքային այցի ժամանակ։

Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր Շուկայի թեմային՝ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն, հաղորդում է Արցախի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր Շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում, խոսել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերի շուրջ:

Մարտի սկզբին, հիշեցնենք, Արցախի նախագահը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան։ «Ամեն գնով հակառակորդն ուզում էր Կրասնի Բազարը վերցնի, բայց ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, ճիշտ է` մենք Թաղավարդի մի մասը կորցրել ենք... Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է», - Մարտունու շրջանի բնակիչներին ասել էր Հարությունյանը:

XS
SM
MD
LG