Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները քարերով խփում են հայկական մեքենաներին, չեն վերադարձնում մոլորված կովերին


Հարութ Հայրապետյանի մեքենան

Զոհված զինծառայողների մարմինները Ստեփանակերտից Գորիսի դիահերձարան տեղափոխող մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիները քարեր են նետել, ջարդել ապակիները: «Ֆորդ տրանզիտի» մեջ 5 զինծառայողների մարմիններ էին։

Վարորդ Հարութ Հայրապետյանը պատմեց՝ խիտ մառախուղ էր, շատ բան ֆիքսել չի կարողացել. «Շաբաթ գիշեր էր, ժամը երևի 1-ից 2-ի սահմանում, մի 2 կիլոմետր դեպի Գորիս, այնտեղից հետ գալուց է եղել, մառախուղ էր, ոչ մի բան չէր երևում: Ես չեմ տեսել խփողին էլ, չեմ տեսել քարն էլ, չեմ տեսել, որ խփել են, էտ վախտ եմ ջոգել, որ խփին»:

Հարութ Հայրապետյանը պատերազմի ողջ ընթացքում և հիմա էլ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված զինծառայողների մարմիններն է տեղափոխում։ Այսօր էլ Ստեփանակերտի ճանապարհին էր՝ արդեն ոստիկանի ուղեկցությամբ։ Արցախից Գորիս մարմինների տեղափոխման գործընթացը կազմակերպում է Գորիսի համայնքապետարանը:

«Համայնքն է միջամտել, որպեսզի նման որոշում կայացվեր, որովհետև ճիշտ է` ընթացիկ լինում են, որ վարորդները վերադառնում են, պատմում են, որ ժեստերով են փորձում վախեցնել, որևէ բացասական վերաբերմունք արտահայտել, բայց գործնականում այսպիսի միջադեպ չէր եղել», - ասում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

Վերջինս շեշտում է՝ մի ոստիկան մի մեքենայի մեջ, հարցի լուծում չէ. Գորիս-Ստեփանակերտով ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ են երթևեկում. «Ենթադրենք` այս դեպքով ոստիկան ուղեկցեց, բա մնացած դեպքերով ի՞նչ է տեղի ունենալու, պիտի պատկան մարմինները ոչ թե լռեն, այլ գործնականում աշխատեն, որպեսզի հետայսու նմանօրինակ դեպքերը բացառվեն»:

Վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի նման մի դեպք էլ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհին էր եղել, ադրբեջանցիները դարձյալ քարերով խփել էին հայկական մեքենային, վնասվել էր դիմապակին։ Արցախի արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել այս հարձակումների վերաբերյալ, որտեղ շեշտում են. «Այս միջադեպերը հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության»։

Արցախի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարում է. «Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Միջադեպեր են գրանցվում նաև Սյունիքի սահմանին։ Օրեր առաջ շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի 13 կովերը՝ Բելկա, Արծվիկ, Շեյթան՝ բազմազգ անուններով, անվերադարձ հեռացել են դեպի Ադրբեջան. «Ոչ մեկը ոչ պաշտոնական ասել ա` սահմանը որտեղ է, ոչ գիտենք` ոնց ա անցնում սահմանը, ոչ էլ գիտենք` որտեղից են տարել»:

Գավրուշ Հակոբյանը պատմեց՝ իր ֆերման գյուղից մի քիչ դուրս է՝ հայերին մնացած տարածքում, բայց ադրբեջանցիներին մոտ. այդ ամենը անասուններին բացատրել չի լինի, և ահա նրանք կորել են: Սկզբում որոնողական եռակողմ աշխատանք է սկսվել՝ ռուսական կողմը, հայերից՝ ուղեկալի պետը, Գավրուշ Հակոբյանի որդին ադրբեջանցիների հետ կովերի ոտնահետքերով հասել են հարևան Սեյթազ, ադրբեջանական գյուղ է: Շուռնուխի գյուղապետը պատմում է՝ մութն ընկավ. որոնումը կիսատ մնաց. «Եթե նրանք նպատակ ունեին, որ մեր անասունները մեզ վերադարձնեին, հաջորդ օրն էլ ցույց կտային, կգնայինք, էլի մեր սահմանապահը, Գավրուշի տղան, ռուսը կգնային, կգտներ, կբերեր էտ տղան, չթողեցին»:

Ֆերմայի տերը կասկած չունի՝ իր կովերը հիմա ազատության մեջ չեն, որպես փորձառու անասնապահ է ասում՝ եթե ազատ լինեին, տասնյակ կիլոմետրերից էլ հետ կգային դեպի գոմ իրենց հորթուկների մոտ. «Կովը եթե 50 կիլոմետրի վրա էլ բաց թողած լինի, ինքը նենց ա, որ շատ արագ գալու է, իր հորթին ճարի: Չկան, կովերը կամ փակ ինչ-որ տեղ են, կամ էլ ասենք կալբաս են դառել»:
Շուռնուխցին հիմա գլխաքանակը վերադարձնելու բանակցությունները համարում է սպառված:

Ի դեպ, նույն օրը Շուռնուխից 4 կով էլ էր հատել սահմանը, մի խոզ անցել ու ծնել Ադրբեջանում: Այս ամենը սահմանապահ տեսախցիկները ֆիքսել էին, և կովերն ու խոզն իր խոճկորների հետ` վերադարձվել, իսկ այդ 13 կովերը տեսախցիկի դիտարկման տարածքից դուրս են եղել։ Շուռնուխի համայնքապետն ասում է՝ ադրբեջանցիներից մի ճանապարհով բաժանված գյուղում նման դեպքերն անխուսափելի են, ահա թե ինչու էին խնդրում անվտանգության գոտի սահմանել. «Հիմա անասուն չի, փոքր երեխա ա, փողոցն անցնի, ասես` վայ, ճաշս եփում էի: Էտ էլ չի ճիշտ: Պիտի մի քիչ հետևողական լինի գյուղացին, սահմանապահն իր աշխատանքը ճիշտ կատարում ա, բան չունենք ասելու սահմանապահին, մեկ էլ թուրքին գոնե էտ բուֆերային գոտին սարքեին, մի կիլոմետր հեռու պահեին գյուղից»:

Շուտով, ասում է, ավելի բարդ խնդրի առաջ են կանգնելու, օրերը տաքանան, ճանճերը շատանան, անասունները հրթիռի արագությամբ ճեղքելու են նույնիսկ էլեկտրական հովիվները և փախչեն դեպի հարևան անտառ` այժմ Ադրբեջան: Ինչ են անելու` չգիտեն։

XS
SM
MD
LG