Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, շեշտում է Արցախի ԱԳՆ-ը


Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում

Վերջին շաբաթվա ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է ՝ մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա - Ստեփանակերտ և Ստեփանակերտ - Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։

Արտգործնախարարությունն ընդգծում է, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։

Նման կարգի սադրիչ գործողությունները, ըստ Արցախի ԱԳՆ-ի, պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։

«Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG