Մատչելիության հղումներ

Foreign Policy հանդեսն առաջարկում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունը վավերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


Պատերազմ Արցախում, արխիվ

Անցած տարեվերջին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված պատերազմում ռումբերի պայթյուններն ու կրակոցները դադարել են, բայց հիմքում ընկած հակամարտությունը չի ավարտվել, գրում է Foreign Policy հանդեսը, հավելելով, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու վերջնական խաղաղության։

Բայդենի նախագահության 100 օրվան ընդառաջ հրապարակված հոդվածում նոր վարչակազմին առաջարկվում է լուրջ ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում։ Ըստ մեկնաբանի` ԱՄՆ-ն պետք է 4 քայլ կատարի այդ ուղղությամբ ակտիվացնելով քաղաքականությունը՝ նպաստել հրադադարի պահպանմանը, աջակցել հակամարտությունից տուժած շարքային քաղաքացիներին, օժանդակել տարածաշրջանային վերսահմանային լայն համագործակցության ձևավորմանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վավերացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունը։

Առաջին. նպաստել, ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմը պահպանելու համար։ Հակամարտ երկու կողմերի ու Ռուսաստանի նախագահի ստորագրած նոյեմբերի 9 համաձայնագիրը իդեալական չէ, բայց այսօրվա դրությամբ հրադադարի պահպանման ուրիշ այլընտրանք չկա։ Այդ համաձայնագիրը պահանջում է փոխանակել բոլոր գերիներին, զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Հավաստի հաղորդումները վկայում են, որ դեռ գերիներ կան, ու նրանց վերադարձը պետք է առաջնային լինի։ Վաշինգտոնը նաև պետք է աջակցի ԵԱՀԿ թիմին` հրադադարի, մարդու իրավունքների խախտումների և ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին զեկույցներ կազմելու համար։ Հաշվետվողականությունը պահանջում է փաստացի տվյալներ ու առաջին հերթին տուժածների բողոքների արձանագրում: ԵԱՀԿ-ն նաև կարող է խորհուրդ տալ տեղահանված մարդկանց փոխհատուցում տալու հնարավոր մոտեցումների վերաբերյալ։

Երկրորդ քայլն է հումանիտար ու վերաբնակեցման գործողություններին աջակցելու առաջարկը։ «Շարքային քաղաքացիներին տեղում գործնական աջակցություն ցուցաբերելը այնպես գրավիչ չէ, ինչպես հրադադարի կամ քաղաքական համաձայնությունների բանակցություններն են, բայց դրանք խաղաղության հիմքն են», - ընդգծում է Foreign Policy-ն։ Նշված է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցումը հեշտ չի լինի. «կոռումպացված Բաքվի կառավարությունը տեղական կառավարման մարտահրավերները կարգավորելու պատասխանատվության փորձ չունի», իսկ հայերի նոր տեղահանությունները մտահոգություն են առաջացրել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային հուշարձանների ճակատագրի վերաբերյալ, ու այս հարցում ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չեն կարող ապավեն լինել:

Հաջորդ քայլը տարածաշրջանային վերսահմանային տնտեսական համագործակցություն ձևավորելն է: Foreign Policy-ն գտնում է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը այդ տարածաշրջանը պետք է պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ներառի գալիք շաբաթ մեկնարկող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում: Հարավային Կովկասում համագործակցության մոդել է առաջարկվում 3+2 ձևաչափով, որտեղ կլինեն հարավկովկասյան երեք երկրները, ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

Ըստ հրապարակման հեղինակի՝ միջազգային հանրության ֆինանսական ներդրումները պետք է փոխկապակցված լինեն կողմերի ստանձնած քաղաքական պարտավորությունների և տարածաշրջանային տնտեսական զարգացմանը խոչընդոտող վիճելի հարցերի լուծելու հետ, օրինակ` սահմանային անցակետերի, ենթակառուցվածքների գործարկումը։ Ավելին՝ ֆինանսական օգնության որևէ քայլ պետք է ուղեկցվի լայնորեն տարածված կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներով։

Չորրորդ քայլը, ըստ հոդվածագրի, պետք է լինի Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը պետք է դեսպանի կարգավիճակ ունենա, Վաշինգտոնը պետք է ակտիվորեն աշխատի, որպեսզի համանախագահների ու ԵԱՀԿ թիմի տեղերում հանդիպումները պարբերաբար բնույթ ունենան։ «Չի կարելի թույլ տալ, որ նոր խնդիրներ ծագեն»։

Վաշինգտոնը պետք է բանակցություններ սկսկի Մոսկվայի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունը վավերացնելու համար, ինպես նաև կողմերին կոչ արվի հասնելու վերջական խաղաղության։ Մեկնաբանի կարծիքով` ռուսները պետք է ողջունեն Պուտինի հապճեպ կազմած մեկ էջանոց համաձայնագրի վավերացումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Վավերացված փաստաթուղղը նաև միջազգային ազդակ կլինի տարածաշրջանի զարգացման համար` ներառելով հարավկովկասյան բոլոր երեք երկրները, ինպես նաև կարող է վերահաստատել կողմերի ինքնիշխանությունը, այդ թվում` հինգ տարի անց Ռուսաստանի խաղաղապահներից հրաժարվելու իրավունքը։

Foreign Policy-ի կարծիքով` նոր ստատուս քվոն մոտ ապագայում դժվար թե փոխվի, և ինչպես երևում է, կողմերն էլ, ասես, կառուցողական առաջ շարժվելու ցանկություն չունեն, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն կրակը դադարեցնելու, այլ ոչ թե խաղաղության համաձայնագիր է, բացի դրանից, Ռուսաստանի և Թուրքիայի խորը միջամտությունը և երկիմաստ նպատակներն ավելի են բարդացնում իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG