Մատչելիության հղումներ

Քաղաքագետի խոսքով` սահմանների հնարավոր բացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահեր է ենթադրում


Անվտանգության խորհրդի նիստ
Անվտանգության խորհրդի նիստ

Վերջին օրերին վարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով հնչեցվող հայտարարություններից հետո սահմանների ապաշրջափակման հարցը երեկ երեկոյան քննարկվել է նաև Անվտանգության խորհրդի նիստին։ Վարչապետը հայտարարել է` պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատև, կայուն զարգացումը, և այդ համատեքստում ընդգծել է, որ պետք է գնահատենք այն հնարավորությունները, որոնք կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով։

«Իհարկե, Հայաստանի տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, և մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որն ունի սեզոնային բնույթ և մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային: Մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, և մյուս կողմից, իհարկե, պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ ընդհակառակը` մենք պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը` իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է` իսկապես Հայաստանը կոմունիկացիոն լուրջ խնդիրներ ունի, սահմանակից 4 պետություններից 2 -ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են, և դա նորություն չէ։ Նորություն չէ նաև այն, որ այդ խնդիրը պետք է լուծել։ Բայց հետպատերազմական իրավիճակում, երբ Հայաստանը պարտվածի դիրքերից է ներկայանում բանակցություններին, չի կարելի ակնկալել, որ ապաշրջափակման գործընթացը փոխշահավետ գործարք կլինի գոնե այս փուլում։ Նկատում է` այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահերի մասին է խոսքը:

«Այսօր Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը բացարձակ չեն համընկնում։ Դրանք ամբողջովին տարբեր են: Այն, ինչ հարկավոր է այսօր Թուրքիային, Հայաստանի հետ սահմանը բացելը չէ, որ Հայաստանի հետ առևտուր անի, և ամեն ինչ լավ լինի։ Ֆուտբոլային դիվանագիտությունից սկսած կամ անգամ ավելի շուտ նման հնարավորություն կար, և Թուրքիան դրան չէր գնում։ Թուրքիան գործընթացը դադարեցրեց, և խնդիրը Անկարայի մոտ էր, ոչ թե Հայաստանի: Խնդիրն այստեղ միջանցքի մեջ է։ Այստեղ խոսվում է երկաթուղու մասին։ Երկաթուղի, որը Ադրբեջանին կկապի Թուրքիայի հետ կամ եթե ուզում եք այդպես ձևակերպել` Նախիջևանի: Եվ դա քաղաքական հարց է, ոչ թե տնտեսական, որովհետև Ադրբեջանը արդեն ունի երկաթուղի դեպի Թուրքիա», - նշում է քաղաքագետը։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին խոսվում է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, որով և դադարեցվեց 44-օրյա պատերազմը։ Փաստաթղթի 9-րդ կետում ասված է. «Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Սահմանապահ ծառայության մարմինները»:

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ պատերազմին ակտիվ մասնակցում էր Թուրքիան` ահաբեկիչ վարձկաններին ուղարկելով հայ զինվորների դեմ, իսկ թուրքական «Բայրաքթարները» թիրախի տակ էին պահում Արցախը։ Մինչ օրս Ադրբեջանում հայ գերիներ կան, որոնց պաշտոնական Բաքուն հրաժարվում է վերադարձնել։

Այս ամենը հաշվի առնելով ինչքանո՞վ է ընդունելի իշխանական վերնախավի ընտրած հռետորաբանությունը. քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ պետք է դուրս գալ զգայական և կարծրատիպային ընկալումներից. «Տվյալ դեպքում Ռուսաստանը մեզ հետ հարցերում խոսում, քննարկում, պայմանավորվում է թուրքերի հետ, և մեր հաշվին ձեռք են բերում ինչ-որ ռեգիոնալ համաձայնություն: Եվ ըստ այդմ առնվազն մեզանից պահանջվում է հասնել մի իրավիճակի, երբ մենք կխոսենք թուրքերի հետ: Սա է գլխավոր խնդիրը, որը արագ լուծում չունի մեզ համար, բայց որի մասին մենք պետք է սկսենք մտածել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG