Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետներն ահազանգում են՝ Մոսկվայի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը մեղմ ասած բարեկամական չէ


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Մինչ ռուսաստանցի պաշտոնյաները բոլոր հարթակներից հայտարարում են, թե Ղարաբաղյան պատերազմից հետո, որը հնարավոր եղավ կանգնեցնել բացառապես Ռուսաստանի նախագահի ջանքերով, Մոսկվան շարունակելու է ունենալ բարեկամական հարաբերություններ թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ, ռուսաստանցի լրագրողները հարցականի տակ են դնում այդ բարեկամական հարաբերությունները և տարբեր հարցեր բարձրաձայնում։

“Аргументы и факты” պարբերականն այսօր հրապարակել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հարցազրույցը, որում կարճ անդրադարձ կա նաև Ղարաբաղյան պատերազմին։

Լրագրողը հարցնում է Դմիտրի Պեսկովին՝ արդյոք չկա՞ մտավախություն, որ Մոսկվան կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասի պետությունների վրա, և որպես փաստարկ նշում է, թե Հայաստանում ներքին խառնաշփոթ է, իսկ Ադրբեջանն ավելի ու ավելի ակնհայտ ձգտում է դեպի Թուրքիա։

Պեսկովն արձագանքում է․ - «Մենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված հրաշալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ։ Հարաբերություններ, որ կարող են ունենալ շատ-շատ ասպեկտներ, որոնք ներկայացնում են փոխադարձ օգուտ։ Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ կան։ Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բավականին օգուտ են բերում։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով»։

Կրեմլի խոսնակն այս հարցազրուցում հերթական անգամ ընդգծում է Վլադիմիր Պուտինի դերակատարությունը։ «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու մեջ պետք է հիշեն բոլորը», - “Аргументы и факты” պարբերականին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ռուս լրագրողը հարցրել էր, թե արդյոք Մոսկվան չունի՞ մտավախություն «Թուրանի բանակ» կառուցելու Թուրքիայի իշխանությունների մտադրության վերաբերյալ։ Շոյգուն պատասխանել էր, թե Մոսկվան ու Անկարան թեև ունեն տարաձայնություններ, սակայն ամեն անգամ կարողանում են գտնել ընդհանուր լեզու, և որ «Թուրանի բանակի» մասին տեղեկությունը միֆ է։

Նույն տրամաբանության մեջ են Մոսկվայի՝ ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող բոլոր հայտարարությունները, թեև փորձագետներն ահազանգում են, որ Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը մեղմ ասած բարեկամական չէ։

Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, փետրվարին հերթական նմանատիպ հարցին պատասխանելիս ասել էր․ - «Իսկ եթե խոսենք Մեծ Թուրանի՝ որպես վերազգային կառույցի մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան նման նպատակ է հետապնդում»։

Մոսկվան փորձում է նաև շրջանցել բոլոր սուր հարցերը, որ ծագում են Ղարաբաղի շուրջ հետպատերազմյան շրջանում, և փոխարենը ընդգծում է՝ կարևորն այն է, որ Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում այսօր խաղաղություն է, և որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերն ապահովում են հրադադարը։

Հիշեցնենք՝ պատերազմի ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին շփումը հոկտեմբերի 7-ին էր՝ Պուտինի ծննդյան օրը։ Եվ այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները շուրջ տասն օր ռազմական գործողությունները սկսվելուց հետո չէին խոսել, նկատել էին ռուսաստանցի փորձագետները՝ գրելով, թե Մոսկվան պարզապես շոկային վիճակում է և Բաքվի վրա ազդելու լծակները կորցրել է։ Պուտինը, սակայն, ի վերջո կարողացավ համոզել կողմերին վերջ տալ պատերազմին, և նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն ստորագրվեց եռակողմ համաձայնագիրը, ինչը պաշտոնական Մոսկվան իր արտաքին քաղաքականության անցած տարվա ամենամեծ ձեռքբերումն է համարում։

XS
SM
MD
LG