Մատչելիության հղումներ

Ըստ դատարանի միջանկյալ որոշման` Գասպարյանը ԳՇ գործող պետն է, կառավարությունն այդպես չի համարում


Վարչական դատարանը, քննելով Օնիկ Գասպարյանի դիմումը ընդդեմ հանրապետության նախագահի և վարչապետի, միջանկյալ որոշում է կայացրել, որից բխում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դեռ Գասպարյանն է: Մինչդեռ Կառավարությունն այսօր կրկին հայտարարեց՝ Գասպարյանն ազատված է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իսկ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։

Վարչապետի հրաժարականը պահանջած Գասպարյանն ու փաստաբանը դատարանին խնդրել էին մինչև այս գործը ըստ էության քննելը Գասպարյանին համարել պաշտոնից չազատված։

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը չհերքեց, որ Գասպարյանն այսօր գնացել է աշխատանքի: Պարզաբանելով դատարանի որոշումը՝ գեներալ-գնդապետի փաստաբանը պնդեց՝ չկա գեթ մեկ իրավահարաբերություն, որով կարողանան ազատել Գլխավոր շտաբի պետին. «Դատարանը ժամանակավորապես մեր հայցը բավարարել է, ընդունել է, որ նման իրավունք չկա, որ նախագահը կամ վարչապետը կարող են պաշտոնից Գլխավոր շտաբի պետ, նշանակել` այո, ազատել` ոչ: Եվ ստացվում է, որ քանի որ չկա այդպիսի իրավահարաբերություն, նշանակում է, որ պարոն Գասպարյանը ոչ մի ձևով ազատված չի գործից: Այո, դատարանն իր հայցի ապահովման որոշման մեջ հստակ գրել է` ինչի է այդ ապահովումը բավարարել, գրել է, որ պարոն Գասպարյանն ունի 5 տարի պաշտոնավարելու ժամկետ, եթե հիմա այս հայցի ապահովումը չարվի, և ուրիշին նշանակեն իր տեղը, իր իրավունքը կխախտվի: Այս ամեն ինչը գրել է, այսինքն` հայցի ապահովումից էլ է երևում, որ դատարանի այս որոշումն ուղղված է նրան, որ պարոն Գասպարյանը պիտի շարունակի պաշտոնավարել որպես ԳՇ պետ»:

Գասպարյանն ու փաստաբանը սկզբում դատարանում վիճարկում էին իրավունքի ուժով ընդունված հանրապետության նախագահի՝ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։ Դատարանը, սակայն, վերադարձրել էր հայցադիմումը՝ խնդրելով փոփոխել այն, քանի որ, ըստ էության, հայցվորը վիճարկում է մի ակտ, որը պաշտոնատար անձի կողմից չի ընդունվել։ Նախագահը չէր ստորագրել շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ոչ էլ դիմել էր Սահմանադրական դատարան, որից հետո Գասպարյանը իրավունքի ուժով պաշտոնից ազատվեց։

Փաստաբանը փոփոխել էր պահանջն ու դատարանին խնդրել քննել Գասպարյանին պաշտոնից ազատելու փաստը՝ պնդելով՝ չկա նման իրավունք, որով կարող են ազատել անցած ամռանը 5 տարով ԳՇ պետ նշանակված Գասպարյանին։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը, անդրադառնալով իր միջանկյալ որոշմանը Գասպարյանին ազատված չհամարելու մասին, գրում է՝ նման հայցերի դեպքում Վարչական դատարանը միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, հատկապես, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում կարող է այլ անձ նշանակվել։

Եթե, օրինակ, դատարանը վերջնական որոշմամբ իսկապես առոչինչ ճանաչի Օնիկ Գասպարյանին պետի պաշտոնից ազատ արձակման փաստաթուղթը, ապա նոր պետի առկայությամբ էլ ավելի կբարդանա իրավիճակը. «Դրա համար ես հիմա ժամանակավոր բավարարում եմ, ասում եմ` չէ, դու ես ԳՇ պետ, ընթացքում դատարանը կքննի գործն, արդեն կորոշի: Եթե վերջնական էլ որոշեց, որ չէ, ինքն է, շատ լավ, եթե որոշեց, որ չէ, ինքը չի, հայցը կմերժի, հայցի ապահովումն էլ կվերացնի», - նշեց փաստաբանը:

Վարչական դատարանի որոշումից հետո էլ, սակայն, գործադիր իշխանությունը հայտարարում է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի գրասենյակի պարզաբանման մեջ հիշատակվում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով. «Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։

Արդյոք նման պայմաններում, երբ չկա նախագահի հրամանագիր Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին, այլ կա ընդամենը իրավունքի ուժով ազատելու մասին հայտարարություն, հարցը կարո՞ղ է քննել դատարանը։ Փաստաբան, վարչական իրավունքի մասնագետ Գևորգ Գյոզալյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Գասպարյանը իրավունք ունի դատարանի միջոցով ստանալու իր հարցի պատասխանը, անգամ եթե նրան պաշտոնից ազատելու մասին ստորագրված հրամանագիր չկա։ Ըստ Գյոզալյանի` նախագահի կողմից հրամանագիրը չստորագրելը համարվում է, այսպես կոչված, իրավաբանական ֆիկցիա, ինչն, իր հերթին նշանակում է, որ վարչապետի առաջարկությունը նախագահը ընդունված է համարում. «Օրինակ` նման դրույթ մենք ունենք վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքում: Ասում է` եթե առավելագույն սկզբունքը վարչարարություն իրականացնելու համար 30 օր է, եթե համապատասխան պաշտոնատար անձը 30 օրվա ընթացքում անձի դիմումի հիման վրա որևէ որոշում չի կայացնում, ապա համարվում է, որ անձի դիմումը բավարարվել է, և անձը կարող է ձեռնամուխ լինել իր իրավունքների իրականացմանը: Հիմա արդյոք այդ անձն ունի դատական պաշտպանության իրավունք: Եթե մենք սրան բացասական պատասխան տանք, կխաթարվի անձի արդար դատաքննության արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այսինքն, որ նախատեսված է Սահմանադրության 61, 63-րդ հոդվածներով»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու հարցին, ապա այս հարցը Բարձր դատարանում գեներալ գնդապետը կարող է վիճարկել ստորադաս ատյանի դատարաններ դիմելուց հետո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG