Մատչելիության հղումներ

Նախագահը չի ստորագրի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը և չի դիմի ՍԴ


Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան (ՍԴ), հայտնում է նախագահի աշխատակազմը:

«Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումները նախագահի առարկությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:

Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա», - ասված է հաղորդագրությունում:

Եթե նախագահը ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում է Սահմանադրական դատարան, սա նշանակում է, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով կդառնա Գլխավոր շտաբի պետ։ Ճիշտ այդ եղանակով տեղի ունեցավ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը։

Առերևույթ հակասահմանադրական համարելով Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի առաջարկը՝ նախագահը այնուհանդերձ նախատեսված ժամկետում այդ հարցով չդիմեց Սահմանադրական դատարան։ Նախօրեին վարչապետն անձամբ հայտարարեց, որ Գլխավոր շտաբի պետը իր պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով։

XS
SM
MD
LG