Մատչելիության հղումներ

«Կդիմանանք, մինչև կվերադարձնեն մեր հողերը»․ France-Presse-ի հաղորդումը Շուռնուխից


Հայաստանի պետական դրոշը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, փետրվար, 2021թ․

Տունը՝ Հայաստանում, անասնագոմի կեսը՝ Ադրբեջանի տարածքում․ ղարաբաղյան վերջին պատերազմը ոչ միայն տարածաշրջանի սահմաններն է վերաձևել, այլև շուռնուխեցի Ստեփան Մովսիսյանի տունուտեղը: «Եկան ու ասացին՝ ըստ GPS-ի, սահմանը հենց այստեղով պիտի անցնի», - AFP-ին պատմել է 71-ամյա նախկին անտառապահը, որ մինչև հիմա շվարած է՝ այդպես ո՞նց կլինի, հիմա ինչպե՞ս է ապրելու։ «Ինչպես ասում են՝ մի կտոր հաց ունեինք, դա էլ կիսվեց», - ասել է սյունեցին։

28 ընտանիք ունեցող գյուղում մի քանիսն անգամ Մովսիսյանների ճակատագրին չեն արժանացել․ Խաչիկ Ստեփանյանի տունն, օրինակ, ոչ թե կիսով չափ, այլ ամբողջությամբ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ընտանիքը հարկադրված տեղափոխվել է հարևանի տուն, ու հիմա ստիպված են ամեն օր պատուհանից հետևել՝ ինչ է կատարվում մի քանի մետր այն կողմ մնացած իրենց ունեցվածքի հետ։ «Եկան ու մեզ վռնդեցին մեր տնից», - պատմել է Ստեփանյանը։

Մինչև վերջին պատերազմը Շուռնուխից ադրբեջանական դիրքեր հասնելու համար առնվազն մի քանի տասնյակ կիլոմետր էր պետք կտրել-անցնել։ Հիմա հայերի տնից մի քանի մետր այն կողմ արդեն զինվորներն են, նրանցից մի քանի քայլ հեռու՝ թարմ ցուցանակը՝ «Դուք մտնում եք Ադրբեջանի տարածք»։ «Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը կողմերին ստիպեց վերադառնալ միջազգայնորեն ճանաչված սահմաններին, որոնք մինչ այդ գոյություն ունեին միայն թղթի վրա», - փաստում է France-Presse-ը, մանրամասնելով՝ հայ-ադրբեջանական սահմանը հիմա ձգվում է մի ճանապարհի երկայնքով, որը հասնում է մինչև գյուղամեջ։ Դրա երկու կողմից՝ հրազենը ձեռքներին՝ դեմ-դիմաց կանգնած, հայ ու ադրբեջանցի զինվորները նյարդային հայացքներ են փոխանակում։ Դեռևս մի քանի ամիս առաջ միմյանց դեմ պատերազմող այդ զորքերի միջև խաղաղապահ առաքելություն է իրականացնում ռուսական մի փոքր զորախումբ։

France-Presse-ը փաստում է, որ այս տարածաշրջանում շատ բարդ է որոշել՝ որ հողակտորն ում է պատկանում, ամեն մի սանտիմետրի համար մարտեր են մղվել տասնամյակներ շարունակ։ «Մինչև 1980-ականները այս վիճահարույց տներում ադրբեջանցիներ են ապրել, որոնք, սակայն, Խորհրդային Միության փլուզումից ու տարածաշրջանում բռնկված ազգամիջյան հակամարտություններից հետո թողել-հեռացել են։ Հիմա հայերը խորհրդային քարտեզներն են վկայաբերում ու պնդում, թե գյուղն ամբողջությամբ պետք է լինի Հայաստանի տարածքում։ Բայց Ադրբեջանը գործի է դրել շատ ավելի ժամանակակից՝ արբանյակային քարտեզագրման մեթոդներ՝ ցույց տալու, թե ի՛ր համոզմամբ որտեղով պետք է անցնի սահմանը, և մինչ օրս նրանք հասել են իրենց նպատակին», - նշում է France-Presse-ը։

«Անելանելիությունից ուղղակի շնչահեղձ ենք լինում», - խոստովանել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը․ նա էլ, համագյուղացիներից մի քանիսի նման, հարկադրված լքել է տունը և հիմա կնոջ ու դստեր հետ ապրում է գյուղապետարանի շենքում։ «Հայաստանի կառավարությունը այժմ նոր տներ է կառուցում տեղահանվածների համար՝ գյուղի մեկ այլ հատվածում, շուռնուխեցիները, սակայն, պնդում են՝ իրենց հին տունն ու հողն են ուզում», - հաղորդում է France-Presse-ը։ «Մենք կդիմանանք, մինչև նրանք կվերադարձնեն մեր հողերը, քանի որ դրանք ընդգրկված են Հայաստանի վարչատարածքային քարտեզում և Հայաստանին են պատկանում՝ որ քարտեզով էլ որ նայեք», - ասել է գյուղապետը։

Նոյեմբերի 9-ից մինչ օրս՝ ուղիղ չորս ամիս շարունակվող հրադադարի ընթացքում որևէ միջադեպ կողմերի միջև չի արձագանրվել, սակայն, տեղացիների խոսքով, դժվար է կանխատեսել՝ որքանով է կայուն այս իրավիճակը։ «Մի օր մեկի խոզը կանցնի մյուս կողմը, և այդժամ մեր սահմանապահները, ռուսներն ու ադրբեջանցիները պետք է համաձայնութան գան, որ տերը անցնի սահմանն ու գնա իր անասունին փնտրելու», - բացատրել է Շուռնուխի գյուղապետը։ Այս պայմաններում ռուսական զորքերի ներկայությունը մարդկանց մի փոքր վստահություն է ներշնչում, սակայն բոլորի համար է ակնհայտ՝ կյանքն այլևս նախկինի նման չի լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG