Մատչելիության հղումներ

Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են, շինարարությունն ընթանում է


Հայ-ադրբեջանական սահմանն այժմ անցնում է Սյունիքի Շուռնուխ գյուղով, փետրվար, 2021թ․

Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն», - ասաց Ղուլարյանը:

Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու նպատակով: Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշմամբ Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քան 234 միլիոն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչների հրետակոծությունից վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար:

«Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29,7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պորակի կառուցման աշխատանքների համար՝ 42,8 մլ դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքներն ավարտելու համար՝ 161,6 մլն դրամ», - ասաց Պապիկյանը:

Արմեն Ղուլարյանն, իր հերթին, վստահեցրեց, որ պուրակի շինարարությունը մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն։

«Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Այս որոշմամբ տրամադրվող գումարով մինչև աշուն կիրականացվեն տան ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք նախատեսվում ենք ավարտել մինչև տարեվերջ: Դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով», - նաև ասաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը։

XS
SM
MD
LG