Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությունը քննադատում է «Իմ քայլին» Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը տապալելու համար


Խորհրդարանական ընդդիմությունն այսօր խիստ քննադատեց իշխող «Իմ քայլը» խմբակցությանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը տապալելու համար։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց՝ իշխանությունը այս կերպ բոյկոտեց դատավորի թեկնածուներին ներկայացնող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանին, սակայն արդյունքում տուժում են քաղաքացիները, որոնց գործերը շարունակելու են ձգձգվել դատավորների պակասի պատճառով։

«Վերջում Վճռաբեկ դատարանի որևէ դատավոր չի ընտրվում ուղղակի բոյկոտի պատճառով», - նշեց Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Իվետա Տոնոյանը ևս միացավ քննադատությանը՝ տեղի ունեցածը ռեսուրսների անտեղի վատնում համարելով. «Մենք շատ լավ տեսանք, որ երեք օր շարունակ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ պարզապես լծված էին ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելով»:

Նախորդ երեք օրերին խորհրդարանի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցն էր, սակայն այն ստվերում մնաց, «Իմ քայլը» վերջում նաև ընտրությանը չմասնակցեց, արդյունքում Վճռաբեկում թափուր տեղը չհամալրվեց։ Փոխարենը դատավորի թեկնածուներին ներկայացնող ԲԴԽ նախագահին էին հարցեր ուղղվում նոյեմբերի 15 -ին արած իր հայտարարության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Վարդազարյանը 4 ամիս առաջ կոչով դիմել էր դատավորներին և օգտագործելով վարչապետի արտահայտությունը՝ «վնգստացող դատավորների» մասին, հայտարարել, որ եկել է պահը պատասխանելու՝ իրենք «պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Հայտարարությունն արվել էր նույն այն ժամանակ, երբ դատարանը քննում էին Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը, ընդդիմադիրները, որ նաև խոսում էին Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման մասին, չկալանավորվեցին։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց՝ դատավորի ընտրություններ դեռ կլինեն, իսկ նիստերի դահլիճում պակաս կարևոր հարց չէր քննարկվում. «Երեկվա դիրքորոշումն ուղղված էի միմիայն դատական իշխանության առողջացմանը»:

Էդմոն Մարուքյանի համար հասկանալի չէ, թե ինչու «Իմ քայլի» պատգամավորները «վնգստացող դատավորների» մասին վարչապետի հայտարարության մեջ խնդիրներ չտեսան, փոխարենը դատապարտում են նույն արտահայտությանը հղում արած ԲԴԽ նախագահին։

«Հիմա հարց՝ էդ իշխող խմբակցության որ պատգամավորն է վարչապետի հայտարարությունը դատապարտել «վնգստացող դատավորի» վերաբերյալ, չեն դատապարտել չէ՞, ցանե՞լ են վնգստացող խոսակցություններ, հետ է եկել վնգստացող խոսակցություն», - ասաց ԼՀԿ ղեկավարը:

«Իմ քայլից» արձագանքում են՝ վարչապետը քաղաքական հայտարարություններ կարող է անել, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ ոչ. «Ինչո՞ւ պարոն Մարուքյանը, որ բազմամյա քաղաքական գործիչ է, ես վստահ եմ՝ շատ լավ է պատկերացնում պաշտոնների տարբերությունը, չի տեսնում այս դեպքում տարբերություն վարչապետի, որը քաղաքական ինստիտուտ է և պետք է քաղաքական խոսք հնչեցնի իր արտահայտության միջև և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խոսքի միջև, որին արգելված է առհասարակ քաղաքական որևիցե դիրքորոշման արտահայտումը»:

«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը հիշեցրեց՝ Վարդազարյանի հայտարարության օրը պատահական չէր և քաղաքական մարտակոչ էր հիշեցնում. «Պարոն Վարդազարյանն այդ հայտարարությունը արել է այն օրը, երբ որ պետք է քննարկվեր իր մանկության ընկերոջ՝ Արթուր Վանեցյանին վերաբերող հարցը, որտեղ ըստ հայտարարության, խոսք էր գնում վարչապետի նկատմամբ մահափորձի կազմակերպման վերաբերյալ»:

Էդմոն Մարուքյանը կասկածում է դատարան բերված միջնորդության վրա՝ եթե այն բավականաչափ հիմնավոր լիներ, դժվար թե դատարանը կարողանար մերժել. «Եթե այդ գործի ապացույցների բազան լիներ ծանրակշիռ, դատարանները, վստահ եմ, չէին մտնի այդ բեռի տակ և խափանման միջոց, օրինակ, կալանքը չընտրեին»:

Հայկ Կոնջորյանն ասում է՝ Ազգային ժողովում ծավալված թեժ քննարկումը՝ խորհրդարանի և դատական համակարգի երկխոսություն էր՝ հանրությանը հուզող կարևոր հարցերի վերաբերյալ. «Մենք հույս ունենք, որ դատական համակարգը, դատական համակարգի առողջ ուժերը, առողջ տարրերը, ազնիվ և պարկեշտ դատավորները, որը մենք համոզմունք ունենք, որ կան այդպիսի մարդիկ, իրենք ևս հետևություններ կանեն Ռուբեն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ, և ի վերջո մենք կկարողանանք դատական համակարգն առողջացնել»:

XS
SM
MD
LG