Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ


Լիլիթ Թադևոսյան

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում է ունեցել Վճռաբեկ նախագահի թեկնածու առաջադրված Լիլիթ Թադևոսյանի հետ։ Նրան անցած տարվա հոկտեմբերին առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը։

Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր դարձավ, երբ նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը անցած սեպտեմբերին ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Լիլիթ Թադևոսյանը այժմ զբաղեցնում է դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։ Փակ հանդիպման ավարտին նա ու իշխող խմբակցության ղեկավարն ասացին, որ հանդիպումն անցել է աշխատանքային մթնոլորտում։ Փակագծեր, սակայն, չբացեցին։

«Կարծում եմ, որ քննարկումը նորմալ, կառուցողական մթնոլորտում անցավ։ Իսկ արդյունքների վերաբերյալ կամ տրամադրվածությունը կարող են հայտնել պատգամավորները, կոնկրետ խմբակցությունը, որի հետ տեղի ունեցավ հանդիպումը», - ասաց Թադևոսյանը։

«Ինչպես գիտեք, քվեարկությունները լինելու են փակ, հետևաբար այս պահին որևէ բան չներկայացնեմ, չհրապարակեմ։ Կարծիքս կկիսեմ լիագումար նիստերի դահլիճում, եթե անհրաժեշտություն լինի։ Եվ ուղղակի չեմ կաշկանդել մյուսներին դրանով», - նշեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Վճռաբեկ դատարանում թափուր տեղի հարցի քննությունը պետք է անցկացվեր դեռ դեկտեմբերի 20-ին, բայց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թեկնածուների հիմնավորումը նամակով փոխանցել էր Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընտրությունը հետաձգել։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը, մամուլի հղում անելով, խոսեց այն մասին, որ թեկնածուները պարզապես չեն ցանկանում այս խորհրդարանի կողմից ընտրվել։

Թադևոսյանը այսօր հերքեց այս լուրեր՝ ասելով, որ պատճառները իրենց նամակում նշել էին․ - «Պատճառը հետևյալն էր․ մենք ընդամենը մեկ օր առաջ էինք իրազեկվել, որ պետք է մասնակցենք ընտրության գործընթացի։ Ես ինքս՝ որպես թեկնածու, կարևորել եմ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումը, և բարձրացրել էինք այդ հարցը»։

Թադևոսյանը դեռ թեկնածուի կարգավիճակով նոյեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանի մոտ մասնակցել էր խորհդակցության՝ իրավապահ համակարգի մյուս ղեկավարների հետ միասին։ Այդ հանդիմանը Փաշինյանը բարձրացրել էր նաև հարցը, թե արդյոք դատաիրավական համակարգը պատշաճ է արձագանքել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործին։ Դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությունն այդ քննարկմանը քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կարծիք հայտնելով, որ նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն այդ քննադատությունը այսօր ոչ հիմնավոր որակեց․ - «Մեր հանդիպմանը վարչապետի հետ մասնակցում էին նաև դատական իշխանության ներկայացուցիչները, և ոչ միայն դատական իշխանության, նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Ասեմ այնքանը, որքանը հնարավոր է, քանի որ դա դռնփակ էր․ որևիցե գործ դատական իշխանությունների մասնակցությամբ քննության առարկա չի դարձվել և չէր կարող դարձվել։ Եվ այնտեղ դատական իշխանության ներկայացուցիչները հանդես են եկել, այդ թվում նաև ես եմ ելույթ ունեցել՝ կարևորելով դատական իշխանության անկախությունը, անշուշտ կարևորելով նաև իշխանության բոլոր թևերի միջև առողջ համագործակցությունը։ Դա պարտադիր է այդ համագործակցությունը, անհրաժեշտ է, որովհետև այն խնդիրները, որոնք առնչվում են դատական իշխանության առնվազն ֆինանսավորմանը, հաստիքներին, այն օրենսդրական նախագծերին, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են դատական իշխանության կարգավիճակին, անշուշտ այդ ոլորտներում համագործակցությունը ոչ թե թույլատրելի է, այլ անհրաժեշտություն է։ Բայց համագործակցությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է արդարադատության իրականացման գործընթացը, որտեղ յուրաքանչյուր դատավոր ինքնուրույն է և անկախ»։

42-ամյա Թադևոսյանը երկար տարիներ իրավական համակարգում աշխատելուց հետո 2012-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Ծնվել է դատախազի ընտանիքում, նրա հայրը հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանն է։ Լիլիթ Թադևոսյանը 2008 թվականի Մարտի 1-ից հետո հայտնի «7-ի գործով» մեղադրող դատախազներից մեկն էր, ինչպես նաև եղել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով մեղադրող դատախազը, սակայն ինչպես «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը, Թադևոսյանը նույն օրն էլ հրաժարվել է գործից։

Թադևոսյանի նախկին գործերը, որոնք քաղաքական երանգներ են ունեցել, կկաշկանդե՞ն «Իմ քայլը» խմբակցությանը. այս հարցին խմբկացության ղեկավար Լիլիթ Մակունցը այսպես արձագանքեց. – «Ես տեղյակ եմ այդ տեղեկատվությունից։ Այդ թեմայով մենք խմբակցությունում քննարկում չենք ունեցել, հետևաբար չեմ կարող ներկայացնել խմբակցության տեսակետը»։

Մակունցը հավելեց, որ այդ մասով հարցեր Լիլիթ Թադևոսյանին չեն ուղղել։

Առաջիկա քառօրյային խորհրդարանը կքննի ոչ միայն Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի, այլ նաև քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված երեք թեկնածուների՝ Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի հարցը։ Թե՛՛ Թադևոսյանը, թե՛ դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուները արդեն հանդիպել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, պատրաստ են հանդիպել նաև մեծությամբ երկրորդ խմբակցության՝ ԲՀԿ-ի հետ։

Ընդդիմադիր խմբակցություններն ասում են իրենց դիրքորոշումը խմբակցությունում քննարկելուց հետո կհնչեցնեն լիագումար նիստին։

Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Այսինքն, չնայած իշխանական խմբակցությունից վերջին շրջանի արտահոսքին, «Իմ քայլը»-ի 83 պատգմաավորի ձայնը բավարար է վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը կատարելու համար։

Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:

XS
SM
MD
LG