Մատչելիության հղումներ

Վճռաբեկի դատավորի թեկնածուներից ոչ մեկի օգտին չքվեարկելու «Իմ քայլի» որոշումը Վարդազարյանն իր դեմ ուղղված արշավ է համարում


Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից և ոչ մեկի օգտին չքվեարկելու՝ իշխող ուժի որոշումը խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անհասկանալի և միևնույն ժամանակ իր դեմ ուղղված արշավ է համարում։

Վարդազարյանը համոզված է՝ իշխանական պատգամավորների այդ քայլն ամենևին էլ կապված չէ իր՝ 4 ամիս առաջ արած հայտարարության հետ։ Ըստ Վարդազարյանի, պատճառն անկախ դատական համակարգն է: Ասում է՝ իշխանական պատգամավորներն դա անթաքույց ցույց տվեցին։

«Իշխանությունը ուզում էր անկախ դատական իշխանություն ունենալ, ունի, հիմա գտնում է, որ շատ լավ է, որ ունի անկախ դատական իշխանություն, բայց այդքան էլ անկախ չպետք է լինի, միևնույն է գտնում են, որ որոշ սանկցիաներ պարտադիր է տալը և որոշ դեպքերում կարելի է աչք փակել օրենքի վրա», - նշեց ԲԴԽ նախագահը:

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի փոխարեն 3 օր շարունակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի 4 ամիս առաջ արած հայտարարությունը քննարկելուց ու այն քաղաքական որակելուց հետո, իշխող ուժն այսօր հայտարարեց՝ ոչ մի թեկնածուի օգտին էլ չի քվեարկի։ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցն ընդգծեց՝ իրենք այդ քայլով դիրքորոշում են հայտնում ոչ թե թեկնածուների, այլ ԲԽԴ նախագահ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց հայտարարության ու նրա գործունեության վերաբերյալ։ Մակունցը միևնույն ժամանակ նշեց՝ թեկնածուներին խորին ակնածանքով են վերաբերվում։

«Մեր այս դիրքորոշումը ամրապնդվում է նաև մեկ այլ հանգամանքով, հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի», - նշեց «Իմ քայլի» ղեկավարը:

Վարդարզարյանն արձագանքում է պատգամավորներին՝ որևէ կապ չունի այդ ամենի հետ, ավելին, ասում է՝ ինքը անգամ քրեական հեղինակության չի ճանաչում։ Բացի այդ արդեն որերորդ անգամ պնդում է՝ նոյեմբերի 15-ի կոչը, որն ուղղված էր դատավորներին ոչ թե քաղաքական էր, այլ՝ սթափեցնող։

Վարդազարյանը նոյեմբերի 15-ին կոչով դիմել էր դատավորներին հղում կատարելով վարչապետի հեղինակային արտահայտությանը, թե եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. իրենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ Հայտարարությունն արվել էր նույն այն ժամանակ, երբ դատարանը քննում էին Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը։ Նրանք, ի դեպ, չկալանավորվեցին։

«Մեր գնահատականը ոչ միայն շարունակում է մնալ այն, որ այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես քաղաքական, այլև այն արձագանքը, որը հնչեցնում էր ի պատասխան պատգամավորների հարցերի պարոն Վարդազարյանը, խորացնում է մտահոգությունները առ այն, որ դրանք կարող են լինել շարունակական», - ասաց Լիլիթ Մակունցը:

Այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը կրկին կառաջադրի 3 թեկնածուների՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար, հայտարարում է Վարդազարյանը: Եվ մեծ հաճույքով, պատրաստ է կրկին գնալ խորհրդարան, չնայած, համոզված է՝ իշխանական պատգամավորներից կրկին նույն հարցերն ու մեղադրանքներ է լսելու։

«Մոտ ապագայում սպասվում է ևս երկու անգամ իմ այցը Ազգային ժողով, և ես մեծ հաճույքով նորից կգնամ Ազգային ժողով, որովհետև գտնում եմ, որ իմ հեղինակությունը բարձրացնելու ավելի լավ մեթոդ չկա, քան գնալ Ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնել և ելույթ ունենալ», - ասաց ԲԴԽ նախագահը:

Արդյոք հաջորդ անգամ ևս իշխող ուժը չի՞ քվեարկի ԲԴԽ-ի առաջադրած թեկնածուներից ոչ մեկի օգտին, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը հարցն անպատասխան թողեց։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի համար ևս անհասկանալի է իշխանական պատգամավորների պահվածքը. «Եթե ուզում են այդ մարդուն գործից հանեն, ես նշեցի՝ Դատական օրենսգրքի 85-րդ հոդված, էթիկական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգն է, կարող են հանել, ինչի՞ չեն անում: Իրենց դուր է գալիս ավելի շատ քաղաքական շոուները: Եթե քաղաքական շոուով են ուզում պետություն ղեկավարեն, միանշանակ դա տանելու է պետական ինստիտուտների ավելի թուլացմանը և ի վերջո կործանմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG