Մատչելիության հղումներ

Առաջիկա չորս տարիներին Վաշինգտոնի առաջնահերթությունն է լինելու ժողովրդավարության ամրապնդումն աշխարհում


ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ

Սպիտակ տունը հրապարակել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի ծրագիրը ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում։

24-էջանոց այդ փաստաթղթում Ջո Բայդենի վարչակազմն ընդգծում է՝ առաջիկա չորս տարիներին Վաշինգտոնի առաջնահերթությունն է լինելու ժողովրդավարության ամրապնդումն աշխարհում և Նահանգների վերադարձը միջազգային ասպարեզ։

«Ես խորապես համոզված եմ, որ ժողովրդավարությունը ազատության, բարեկեցության, խաղաղության և արժանապատվության բանալին է: Եվ եթե մենք աշխատենք մեր ժողովրդավար դաշնակիցների հետ՝ վստահությամբ և հաստատակամությամբ, կարող ենք արձագանքել ցանկացած մարտահրավերի», - հայտարարել է նախագահ Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ պատրաստվում է ժողովրդավարության հարցով համաշխարհային գագաթնաժողով հրավիրել, որպեսզի ապահովի դաշնակիցների միջև ընդարձակ համագործակցությունը։

Անցած ամիս ներկայացնելով իր առաջնահերթությունները արտաքին քաղաքականության ոլորտում՝ Միացյալ Նահանգների նորընտիր առաջնորդը հայտարարել էր․ - «Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ։ Այս ուղերձը ես փոխանցել եմ Ռուսաստանի նախագահին մեր առաջին իսկ հեռախոսազրույցում»։

«Ես շատ հստակ բացատրեցի նախագահ Պուտինին, ընդ որում՝ ամենևին ոչ այնպես, ինչպես իմ նախորդն էր անում, որ անցել են ժամանակները, երբ Միացյալ Նահանգները չէր նկատում Ռուսաստանի ագրեսիվ միջամտությունը ընտրություններին, չէր նկատում կիբերհարձակումներն ու հետապնդումները սեփական քաղաքացիների հանդեպ: Մենք չենք վարանի բարձրացնել այն գինը, որ Ռուսաստանը պետք է վճարի այս ամենի դիմաց, և ամեն ինչ կանենք` պաշտպանելու մեր առանցքային շահերը», - նաև ասել էր Բայդենը։

«Մենք կամրապնդենք կապերը դաշնակիցների և համախոհների հետ, որպեսզի միասնական ուժերով դիմակայենք մեզ նետված մարտահրավերներին։ Մենք կառաջնորդվենք ժողովրդավարությամբ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ երեկ հրապարակված փաստաթղթում։

Հրապարակման նախօրեին արդեն, Սպիտակ տունը առաջին քայլերն արեց այս հայտարարությունները կյանքի կոչելու ուղղությամբ․ Վաշինգտոնը հայտարարեց, թե Եվրամիության հետ համակարգված նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնուն թունավորելու և ազատազրկելու համար։ Ամերիկյան սև ցուցակում են այս գործին առնչություն ունեցող ռուսաստանցի 7 բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև քիմիական ու կենսաբանական զենքի արտադրության հետ կապված ռուսական 14 ձեռնարկություններ։

Երեկ էլ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե ևս մեկ տարով երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ Ուկրաինայի դեմ սկսած ագրեսիայից և Ղրիմի բռնակցումից հետո:

Նահանգներին սպառնացող վտանգների շարքում Բայդենի վարչակազմը նշել է համաճարակները, կլիմայական աղետները, կիբերհարձակումներն ու ծայրահեղականությունը, ընդ որում, Սպիտակ տունն ընդգծում է, որ այս մարտահրավերների հաղթահարման համար համակարգված ջանքեր են պահանջվում։

«Մենք նաև պետք է ընդունենք, որ ուժերի դասավորվածությունն աշխարհում փոխվում է՝ ստեղծելով նոր մարտահրավերներ», - ընդգծում է փաստաթուղթը։

Ընդ որում, ինչպես իր ծրագրային ելույթում, այս զեկույցում էլ նախագահ Բայդենը ամենամեծ սպառնալիքների շարքում Ռուսաստանն ու Չինաստանն է նշում․ «Պեկինը միակ մրցակիցն է, որը գործնականում կարող է միավորել իր տնտեսական, դիվանագիտական, ռազմական ու տեխնոլոգիական ներուժը, որպեսզի մարտահրավեր նետի կայուն ու բաց միջազգային համակարգին։ Մոսկվան էլ շարունակում է ամրապնդել իր համաշխարհային ազդեցությունը և քայքայիչ դերը միջազգային ասպարեզում», - հայտարարել է Սպիտակ տունը։

Ի տարբերություն նախորդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի, ով հայտարարում էր, թե Նահանգներն այլևս չի կարող համաշխարհային ոստիկան լինել և ներգրավվել իր սահմաններից դուրս ընթացող ճգնաժամերում, Բայդենի վարչակազմն ընդգծել է՝ Վաշինգտոնն այսուհետ չի վարանի նաև ուժ գործադրել, եթե դա կպահանջեն Միացյալ Նահանգների համար կենսական նշանակություն ունեցող շահերը։ «Այդուամենայնիվ, մեր թիվ մեկ զենքը կլինի դիվանագիտությունը», հայտարարել է նախագահ Բայդենը։

Դեմոկրատ առաջնորդը, ով մինչ Սպիտակ տուն գալը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Դենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ու մեծ փորձ ունի այս բնագավառում, տարեսկզբին պաշտոնամուտը սկսեց՝ «Ամերիկան վերադառնում է, դիվանագիտությունը վերադառնում է» կարգախոսով։

XS
SM
MD
LG