Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց Նավալնիի խնդրով


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մոսկովյան դատարանում, փետրվար, 2021թ.

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 7 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու և բանտ նստեցնելու համար: Զուգահեռաբար՝ ամերիկյան իշխանությունները սև ցուցակում ներառել են ռուսական 14 ձեռնարկություններ, որոնք կապված են քիմիական և կենսաբանական զենքի արտադրության հետ:

Այսպես՝ սև ցուցակում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և ներքին քաղաքականության գծով վարչության ղեկավար Անդրեյ Յարինը, երկրի պաշտպանության նախարարի տեղակալներ Ալեքսեյ Կրիվոռուչկոն և Պավել Պոպովը, գլխավոր դատախազ Իգոև Կրասնովը, Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Պատժամիջոցների սահմանումից առաջ Միացյալ Նահանգների իշխանությունները գաղտնազերծել են իրենց հետախուզական ծառայությունների զեկույցը, որոնք հետաքննության ընթացքում պարզել են, որ Նավալնիին թունավորել են Անվտանգության դաշնային ծառայության գործող սպաները՝ ռուսաստանյան իշխանությունների ուղղակի ցուցումով: Այս կապակցությամբ ԱՄՆ սև ցուցակում են հայտնվել 14 ռուսական ձեռնարկություններ, որոնք կապված են քիմիական ու կենսաբանական զենքի արտադրության հետ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է նաև, որ շուտով Ռուսաստանի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն SolarWinds ընկերության վրա հաքերային հարձակումների համար, որոնց արդյունքում ռուս հաքերները կոտրել են Միացյալ Նահանգների 9 հանգուցային դաշնային գերատեսչությունների և 100-ից ավելի մասնավոր ընկերությունների կայքեր:

Պաշտոնական Վաշինգտոնը միաժամանակ հայտարարում է, որ մտադիր է կառուցողական աշխատել Մոսկվայի հետ միջուկային սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերի ոլորտում:

Եվրամիությունը նույնպես ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Նավալնիի հետ տեղի ունեցածի պատճառով: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, Քրեակատարողական ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը: Ցուցակում ներառված անձանց մուտքը Եվրամիություն արգելվում է, իսկ նրանց ակտիվները ԵՄ տարածքում կսառեցվեն:

XS
SM
MD
LG