Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Նավալնիի խնդրով


Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման խնդրով: Դրանց մասին կարող է հայտարարվել արդեն այսօր:

CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Բայդենի վարչակազմի պաշտոնական աղբյուրները, հայտնել է, որ պատժամիջոցների սահմանումը տեղի կունենա Եվրամիության հետ համաձայնեցմամբ: Դրանք կդառնան ԱՄՆ նոր վարչակազմի առաջին պատժամիջոցները, և ինչպես նշում է CNN հեռուստաալիքը, Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների ընդհանուր տրամաբանության մեկնարկը կտրվի: «Այսպիսով պարզ կդառնա, որ Վաշինգտոնում հրաժարվում են Դոնալդ Թրամփի նախկին վարչակազմի մոտեցումից: Նախորդները չեն ցանկացել ճնշում գործադրել Մոսկվայի վրա Նավալնիի թունավորման կապակցությամբ և խուսափել են Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից», - նշում է CNN-ը:

Բայդենի վարչակազմը մտադիր է ուժեղ ազդանշան ուղարկել Մոսկվային Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Վաշինգտոնում կարծում են նաև, որ դաշնակիցները պետք է համակարգեն Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների կիրառումը: Կան նաև ռուսական մարտահրավերների ավելի լայն շրջանակի արձագանքման պլաններ, CNN հեռուստաընկերությանը պատմել են Ջո Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները:

Ռուսական ՏԱՍՍ-ը հայտնեց, որ Միացյալ Նահանգները որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանում քիմիական նյութերի արտադրության հետ կապ ունեցող 14 կազմակերպությունների դեմ:

Քիչ առաջ նաև հրապարակվեց ռուսաստանցի այն պաշտոնյաների անունները, ում դեմ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Նավալնիի գործի շրջանակներում:

Բրյուսելն ընդլայնել է Մոսկվայի նկատմամբ պտժամիջոցները, սև ցուցակում ներառելով Ռուսաստանի չորս քաղաքացիների՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովնին և Ռոսգվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովին: Նրանք բոլորը, Եվրամիության կարծիքով, պատասխանատու են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մեղադրական դատավճռի համար:

Սահմանափակող միջոցներն առաջին անգամ սահմանվել են մարդու իրավունքների խախտման պատժամիջոցների մեխանիզամի շրջանակներում, այս մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում, որտեղ այսօր հրապարակվել են համապատասխան նորմատիվ ակտերը:

Նոր պատժամիջոցները սահմանելու մասին քաղաքական որոշումն ընդունվել է Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների փետրվարի 22-ի նիստում:

Ցուցակում ներառված մարդկանց մուտքը ԵՄ երկրներ արգելվում է, ինչպես նաև սառեցվում են նրանց հաշիվները, եթե այդպիսիք կան:

Հիշեցնենք՝ Նավալնիի թիմակիցները արևմտյան կառավարություններին էին հանձնել այն մարդկանց անունները, ում դեմ պետք է պատժամիջոցներ սահմանել Նավալնիի թունավորման և ձերբակալման պատճառով: Նրանք, սակայն, ակնկալում էին, որ այդ ցուցակում կլինեն Պուտինի մտերիմ օլիգարխները ևս:

Մինչդեռ Նավալնին, այսպես ասած, կորել է ռուսաստանյան հանրային կյանքից, նրան անցած շաբաթ տեղափոխել են գաղութ, ընդ որում՝ պաշտոնապես չեն հայտարարում, թե որտեղ է ընդդիմադիր գործիչը: Իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, պարզել են, որ Նավալնին, ամենայն հավանականությամբ, Վլադիմիրի մարզի համար 2 ուղղիչ գաղութում է, որը համարվում է Ռուսաստանի ամենախիստ ռեժիմով գաղութներից մեկը:

Հունվարին Ալեքսեյ Նավալնին վերադարձել էր Ռուսաստան, նրան անմիջապես ձերբակալել էին օդանավակայանում, իսկ հետո դատապարտել 2,5 տարվա ազատազրկման «Իվ Ռոշե»-ի գործով: Արևմուտքը կոշտ հայտարարություններ էր տարածել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին, իսկ Մոսկվայում և Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքներում ի աջակցություն Նավալնիի անցկացվել էին բազմամարդ բողոքի ակցիաներ:

Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները տեսանյութ են հրապարակել, որտեղ պատմում ն, թե Նավալնին ամենայն հավանականությամբ գտնվում է Վլադիմիրի մարզի համար 2 գաղութում: Նրանք նշում են, թե, ըստ Պուտինի սցենարի, հիմա պետք է լռություն լինի Նավալնիի շուրջ. «2,5 տարի երկար սպասված լռություն: Պուտինին թվում է, թե վերջապես կատարվում է նրա գլխավոր երազանքը. Նավալնին անհետացել է, ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա, ոչ ոք չի հետևում, թե ինչ է անում և ինչ է ասում: Սակայն մենք կպատմենք ամեն ինչ Նավալնիի մասին»:

XS
SM
MD
LG