Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Բրյուսելի միջնորդությամբ երկխոսություն են սկսել


Վրաստան - Բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 2-ը մարտի, 2021թ․
Վրաստան - Բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 2-ը մարտի, 2021թ․

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Բրյուսելի միջնորդությամբ երկխոսություն են սկսել։ Չկարողանալով ինքնուրույն հաղթահարել երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը` կողմերը հերթական անգամ մեկ սեղանի շուրջ են նստում արևմտյան գործընկերների միջնորդությամբ։ Հաշտեցման նախաձեռնողն այս անգամ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ով նախօրեին է երկօրյա այցով ժամանել Թբիլիսի։

Մինչ այդ Վրաստանի կառավարությունն ու նրա ընդդիմախոսները կտրականապես մերժում էին բանակցությունների առաջարկ-հորդորները․ ընդդիմությունը պահանջում էր նախ և առաջ ազատ արձակել պատգամավոր Նիկա Մելիային, ում ձերբակալությունն էլ սրել է երկրում առանց այդ էլ լարված իրավիճակը։

Երեկ ընդդիմադիրների և իշխանությունների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հորդորել է շարունակել քննարկումները՝ ընդհանուր լեզու գտնելու ուղղությամբ։ Շառլ Միշելն ասել է, որ դա կծառայի Վրաստանի և ժողովրդի շահերին, հայտարարում էր Վրաստանի ղեկավարը։

«Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումն անցել է բավական կառուցողական մթնոլորտում։ Մենք այսօր երկխոսություն ենք հաստատել, քննարկել մի շարք հարցեր, նաև այն տարբերությունները, որոնք ունեն ընդդիմությունն ու կառավարությունը», - պատմել է այդ հանդիպմանը իշխանական կուսակցությունը ներկայացնող Ղարիբաշվիլին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից կոշտ մեղադրանքներ և արտահայտություններ էր հնչեցնում երեկվա իր զրուցակիցների հասցեին, «սովորական հանցագործ» անվանում ընդդիմության առաջնորդ Մելիային:

Հենց Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում հաստատումից ժամեր անց վրաց ուժայինները գրոհեցին երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ազգային միացյալ շարժման գրասենյակը, ձերբակալելով քաղաքական ուժի առաջնորդին։ Եվ չնայած կայացած երկխոսության վերաբերյալ Ղարիբաշվիլիի դրական գնահատականներին, այսօր նա շտապել է հայտարարել, թե իշխանությունը զիջումների գնալու մտադրություն չունի, չի պատրաստվում կատարել ընդդիմության պահանջները։ «Արտահերթ ընտրություններ չեն լինի, ընդդիմության այդ պահանջը զուրկ է լեգիտիմ հիմնավորումներից», - հայտարարել է Վրաստանի վարչապետը, նույն բացասական պատասխանը տալով նաև ընդդիմադիր պատգամավորի ազատ արձակման՝ ընդդիմության երկրորդ պահանջին․ - «Իմ դիրքորոշումն այն է, որ մենք չեն միջամտի և չենք կարող միջամտել օրենքի կատարմանը»։

Այս պահանջներով ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը։ Վրացական աղբյուրների փոխանցմամբ, այսօր խորհրդարանի շենքի մոտ իրականացվում են անվտանգության միջոցառումներ՝ տեղակայվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր, տեղադրվել են բարձր երկաթյա արգելապատնեշներ։ Այդուհանդերձ, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ, մի շարք գնահատականներով՝ առնվազն 7 ակտիվիստ է բերման ենթարկվել։

Ընդդիմությունը փետրվարի 26-ից ի անժամկետ պայքար է սկսել՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու և նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջով։ Երկրում ներքաղաքական իրադրությունը սրվել է հենց վերջին՝ անցած տարվա հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հերթական անգամ մեծամասնություն է ստացել իշխող «Վրացական երազանք»-ը։ Ընդդիմադիր հիմնական ուժերը չեն ընդունել ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է, և շուրջ չորս ամիս է խորհրդարանի նիստերն անցնում են գրեթե առանց ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության։ Մանդատ ստացած շուրջ վեց տասնյակ ընդդիմադիր պատգամավորներից միայն վեցն են ժամանակ առ ժամանակ մասնակցում նիստիներին, մյուսները բոյկոտում են օրենսդիր մարմնի աշխատանքը՝ պահանջելով նոր ընտրություններ։


XS
SM
MD
LG