Մատչելիության հղումներ

Դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր»-ի գործով դատավճիռը


Դատարանն այսօր հրապարակեց 2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 առանցքային անդամների դատական վճիռները։ Գնդի գրավման ժամանակ երեք ոստիկան սպանվեց։

Երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, դատարանն անփոփոխ թողեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Իսկ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահվան համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատավոր Մեսրոպ Մակյանը դիմելով սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կնոջը՝ Հասմիկ Ոսկանյանին, ասաց, որ Արմեն Բիլյանի մեղքը հիմնավորելու համար սպառվել են ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։

«Դատարանը, փաստորեն, ապացուցված չհամարեց Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքը, հաշվի առնելով, որ գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցները բավարար չէին համարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքով ևս կայացնել մեղադրական դատական ակտ: Միևնույն ժամանակ դատարանը դատավճռում արձանագրել է, տիկին Ոսկանյան, որ այս առումով գործը պետք է վերադարձվի դատախազին: Ձեր ամուսնու սպանության կամ հնարավոր մահվան կամ հնարավոր սպանության մեջ մեղավոր անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով», - նշեց դատավորը:

Դատարանը, սակայն, Բիլյանին մեղավոր ճանաչեց մյուս արարքներում, վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամսով ազատազրկումը, ասաց՝ կբողոքարկեն: Մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը Բիլյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Շուրջ երկու շաբաթ ոստիկանության Երևանի պարեկապահակակետային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի մյուս անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մխիթարյանը, Գագիկ Եղիազարյանն ու Արեգ Կյուրեղյանը դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման, էդուարդ Գրիգորյանը՝ 6, իսկ Սեդրակ Նազարյանը 8 տարվա։ Մահվան հիմքով դադարեցվեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Սպանված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի կինն, անդրադառնալով Բիլյանի արդարացմանն, ասաց՝ ցանկանում է, որ հայտնաբերվի ու պատժվի ամուսնուն սպանողը. «Եթե ինքը անմեղ է, Աստված իր հետ, բայց ցավալին այն է, էլի եմ ասում, որ հիմա իրենք ազատության մեջ են, ոչ թե՝ հենց դատարանի դահլիճից ձերբակալված»:

Մյուս ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի կինն էլ ասաց՝ միևնույն է ամուսնուն ետ չեն բերի. «Իմ համար միանշանակ, Սմբատ Բարսեղյանի 25 տարին, բնականաբար, երկու մարդու մահվան համար շատ քիչ է, որովհետև երեխաներ են որբացել, ընտանիքներ են սևով պատվել: Աստծո դատաստանին թող արժանանան բոլորը: Այս պահին միայն Սմբատ Բարսեղյանին չեմ ասում, բոլոր այս խմբի անդամներին ասում եմ՝ Աստծո դատաստանին արժանանան»:

7 տարվա ազատազրկման դատապարտված Վարուժան Ավետիսյանը, որը զինված խմբի ղեկավարներից էր, նիստից հետո, լրագրողներին ասաց, որ դատարանը իրենցից մի քանիսի համար ավելի մեծ պատժաժամկետ է ընտրել քան մեղադրող դատախազն էր պահանջել. «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված դատավճիռ է, որպեսզի երկար չբացատրեմ, հասկանալի է, որ ժողովրդային ընդվզումից վախենալու պատճառով Սմբատ Բարսեղյանին ցմահ պատժաչափ չտրվեց և Արմեն Բիլյանի մասով այնքան խեխկատակ էր մեղադրանքը, այնքան անհեթեթ էր, որ անգամ գաղութային ռեժիմի դատարանը հնարավոր չհամարեց Արմենի նկատմամբ այդ մասով պատիժ կիրառել»:

Ի դեպ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանը դատական նիստերի ընթացքում նշել էր, որ Արմեն Բիլյանը չի սպանել ոստիկան Գագիկ Մկրտչյանին, մինչև այսօր չմանրամասնելով, թե այդ ինչ տեղեկություն ունի։ Ինքը Բիլյանն ասում է, որ 2016-ին իրենք Սերժ Սարգսյանի իշխանության դեմ էին դուրս եկել:

«Ես ինքս պայքարել եմ, ապստամբել եմ Հայաստանի Հանրապետությունում Սերժիկի հաստատած կեղծիքները մաքրելու, բայց ոչինչ 4 տարի 8 ամիս պայքարից հետո ես ապացուցեցի՝ դեռևս բոլորս անելիքներ ունենք, որպեսզի վերջնական արդարությունը հաստատվի Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Բիլյանը:

Խմբի անդամներից ոչ ոք մեղադրանքները չի ընդունում, դրանք, ասացին, կբողոքարկեն։ Մինչ բողոքարկումը նրանք բոլորը կմնան ազատության մեջ՝ բացի 25 տարվա ազատազրկման դատապարտված Սմբատ Բարսեղյանից։

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

XS
SM
MD
LG