Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով դատավարությունը մոտենում է ավարտին. հրապարակվում է մեղադրական ճառը


Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը, 12 օգոստոսի, 2020թ.
Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը, 12 օգոստոսի, 2020թ.

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տևած դատավարությունը մոտենում է ավարտին։ Այսօր դատախազները հրապարակում են մեղադրական ճառը։

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը ճառի սկզբում հայտարարեց, թե հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանն ու այլք որոշել են զավթել ու պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, վերցնել պատանդներ, դրանից հետո էլ պետությանը հարկադրել բանտից ազատել Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ու պահանջել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը. - «Վերոնշված հանցավոր արարքները կատարելու նպատակով Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը մյուսների հետ ստեղծել են կազմակերպված զինված խումբ, որում հավաքագրվել ու ընդգրկվել են «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության «Նոր Հայաստան» շարժման անդամներ»:

Ըստ մեղադրող դատախազի` խմբի անդամները մինչ գրավումը նախապես ուսումնասիրել են գնդի տարածքը, հետո էլ խմբի անդամները կազմակերպել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ ու գունդը գրավելու համար բեռնատարի վարորդից պայմանավորվածությամբ վերցրել են մեքենան։

«Բեռնատարով հարվածելով` կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի մասը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ` ներխուժել են գնդի տարածք, բաժանվել են մի քանի ենթախմբերի ու տարբեր ուղղություններով առաջանալով գնդի տարածք` զավթած ... պայմանով պետությանը գործողություն կատարելու հարկադրելու նպատակով զավթել են ու պահել են գնդի վարչական շենքերը, շինությունները», - ներկայացրեց մեղադրող դատախազ Չախոյանը:

Բացի այդ, ըստ մեղադրական ճառի, խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մի քանիսին: Դատախազի պնդմամբ՝ հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին և Գագիկ Մկրտչյանին։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։ Հենց նրանք են այս պահին գտնվում կալանքի տակ։

«Սասնա ծռերի» մյուս 8 անդամների խափանման միջոցը փոխվել էր հեղափոխությունից հետո՝ ստորագրությամբ չհեռանալը։ Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։ Դատական նիստին այսօր ներկայացել են «Սասնա ծռերի» գրեթե բոլոր անդամները։ Նրանցից Արայիկ Խանդոյանը մահացել էր 2018-ին։

XS
SM
MD
LG